Համայնքների զարգացման հարցում աշխատում ենք նոր շարժառիթ դնել. Դավիթ Լոքյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը ողջունելով հասարակական խորհրդի անդամներին` վստահեցրել է, որ հասարակական կազմակերպությունների դերը մեծ է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման գործում, քանի որ հենց իրենք են անմիջական աշխատանք տանում բնակիչների հետ և միջանկյալ օղակ են պետություն-համայնք շղթայի մեջ: Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, դրանց ուղղությամբ նախարարության գործադրած ջանքերը, ինչպես նաև արդեն ունեցած շոշափելի ձեռքբերումները։ <<Մենք ամեն օր համայնքներից, վարչական տարածքներից տեղեկատվություն ենք ստանում հավաքագրման աշխատանքների վերաբերյալ և որոշ վերլուծություններ ենք արել համայնքների ներսում բյուջետային միջոցների բաշխման ուղղությամբ: Մասնավորապես, մենք փորձել ենք խոշորացված մի քանի համայնքի բնակավայրերում ստուգել, թե յուրաքանչյուր բնակավայրում բյուջետային ինչ միջոցներ են ծախսվել և դրանք համեմատել ենք 2016 թվականի արդյունքների հետ` նախքան խոշորացումը: Օրինակ, Հաղարծին գյուղում 2017 թվականին 25 մլն դրամով ավելի է ծախսվել, քան 2016-ին: Պարզվել է, որ այս տարի կատարվել է ճանապարհների հարթեցման աշխատանք, ջրագծի կառուցում, մինչդեռ, նախքան խոշորացումը, այս գյուղերը հնարավորություն չեն ունեցել նման աշխատանքներ կատարել համայնքային բյուջեների հաշվին>>,- նշել է նախարարը։
Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է խոշորացված համայնքների ՏԻՄ, վարչական ղեկավարների և աշխատակազմերի համար ընթացակարգային աշխատանքների իրականացման ձեռնարկը:
ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է համայնքներում տնտեսական զարգացման ինստիտուտների ներդրումը՝ <<ավելիին՝ ավելի>> սկզբունքի հիման վրա, տեղեկացրել, թե ինչպես է կենտրոնական իշխանությունը ավելացնելու համայնքային ներդրումները, եթե դրանք ուղղված են տվյալ համայնքի ենթակառուցվածքային ծրագրերին: Նախարար Լոքյանն իր հերթին հավելել է, որ համայնքների զարգացման գործում աշխատում են շարժառիթներ դնել. <<Ավելին՝ ավելիի դիմաց. եթե համայնքը հավաքագրումը կատարում է հավուր պատշաճի, ապա պետությունը կկրկնապատկի այդ գումարը՝ համայնքային ենթակառուցվածքային խնդիրները լուծելու համար>>:
Փոխնախարար Կարապետյանը Հասարակական խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ 2018 թվականին նախատեսվում է համայնքներում ունենալ տվյալ համայնքի տնտեսական զարգացման պատասխանատուի ինստիտուտ: Այս նոր գործիքակազմի ներդրումը հնարավորություն և մասնագիտական ռեսուրսներ կտա տեղական ինքնակառավարմանը միկրո մակարդակում իրենց մրցակցային առավելությունների հիման վրա մշակել և կյանքի կոչել իրենց իսկ կողմից առաջարկված տնտեսական ծրագրերը։
Նախարար Լոքյանը քննարկման ընթացքում կարևորել է այս նոր հաստիքի ներդրումը համայնքներում, տեղեկացրել, որ նախարարության թիմը և համապատասխան մարզպետարանների ներկայացուցիչներն անձամբ են ընտրում այն մարդկանց, որոնք պետք է լինեն տվյալ համայնքի տնտեսական զարգացման պատասխանատուն: Տարբեր մարզերում արդեն իսկ նման 20 հաստիք ձևավորվել են և նախարարի տեղեկացմամբ, 2018 թվականին նախատեսվում է ունենալ 120 հաստիք, որոնց թիվը տարեցտարի ավելանալու է:
Խորհրդի անդամներին տեղեկացվել է նաև, որ Տարածքային կառավարման հայեցակարգով նախատեսվում է 2018-ին մարզային հիմնադրամներ ստեղծել, որոնք լինելու են գործարարության և տնտեսության աջակցության երկրորդ օղակը: «Հիմնադրամի միջոցները կձևավորվեն պետական բյուջեից, ինչպես նաև արտաբյուջետային այլ աղբյուրներից: Մարզերի զարգացման հիմնադրամներում կլինեն արհեստավարժներ, ովքեր կօգնեն համայնքի մասնագետին ավելի լավ ծրագրեր կազմել, ամբողջացնել դոնորների բազան, ֆինանսավորման աղբյուրները»,-նշել է փոխնախարար Կարապետյանը` հավելելով, որ մարզային զարգացման հիմնադրամը միջոցներ ներգրավող համայնքներին առաջնային օգնություն ցուցաբերող մարմինն է լինելու:
Նիստի ընթացքում զեկուցվել է նաև <<Մաքուր Հայաստան>> ծրագրի արդյունքների, նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին: Նախարար Լոքյանն այս հարցում հատկապես ընգդծել է աղբահանության ոլորտում կնքված պայմանագրերի և վարձավճարների գանձման կտրուկ աճի մասին, վստահեցրել, որ այդ գործընթացը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:
Նիստի ավարտին նախարար Լոքյանը սպառիչ պարզաբանումներ է տվել խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, միաժամանակ առաջարկել խորհրդի անդամներին հաջորդ նիստից առաջ հանդես գալ հստակ առաջարկություններով: Քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրաձայնված հարցերը, հստակեցվել առաջիկա գործունեությանն առնչվող խնդիրները: