«Ես իսկապես տպավորված եմ Արցախի տնտեսության առաջընթացով»
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ 2017-ը չօգտագործված հնարավորությունների տարի էր: «Հիասթափության տարի էր, առանձին եղել են էպիզոդիկ քայլեր, որոնք չի կարելի չնկատել, բայց ընդհանուր առաջընթացի համար սրանք չեն կարող բեկում մտցնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
2018 թվականի համար, ըստ նրա, լավատեսությունը պահպանվում է, ինչպես ամեն տարվա համար: «Բայց պետք է կարողանանք ճիշտ օգտագործել մեր մարդկային, արտադրական ռեսուրսները: Դրա համար գիտելիք է պետք, բանիմացություն, դա պետք է պահանջարկված լինի, եթե չլինի, ոչ մի հաջողության չենք կարող հասնել»:
Թաթուլ Մանասերյանը տնտեսության միակ հաջողությունը գյուղատնտեսության մեջ գյուղացիների վարկերի սուբսիդավորումն է համարում: «Ես չեմ ուզում սևացնել ամեն ինչը, բայց այնքան փոքր են հաջողությունները մեր ունեցած պոտենցիալի համեմատ, որ պարզապես ամոթալի է, իսկապես ամոթալի է: Ամենամեծ ձեռքբերումը ես կհամարեմ պաշտպանության ոլորտը, ոչ թե տնտեսության: Արցախը մեզ համար օրինակելի է ամեն առումով, նաև տնտեսության առաջընթացով: Ես իսկապես տպավորված եմ Արցախի տնտեսության առաջընթացով: Թող գնան և տեսնեն, թե ինչպես կարելի է երկնիշ տնտեսական աճ ունենալ»:
2018 թվականի կարգախոսը պետք է լինի երիտասարդների հետ լուրջ աշխատանք տանելը: