Իմ կուսակցական ընկերները երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս. ՊՆ (տեսանյութ)
«Ժամանակային սահմանափակումները հաշվի առնելով՝ առաջին զորակոչի ժամանակ առաջարկվող ծրագրերին մասնակցելու 100 պայմանագրի կնքումը կդիտեմ որպես որոշակի ձեռքբերում, մի քանի հարյուրը կդիտեմ որպես փայլուն ձեռքբերում, որը կփաստի նաև մեր զինկոմիսարիատների արդյունավետ աշխատանքը: Բոլոր դեպքերում, մենք ծրագրում ենք, որ արդյունավետ ներդրման պարագայում առաջիկա տարիների ընթացքում մի պահ պետք է գա, երբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, մարտական հերթապահության առաջնագիծը հատկապես ամբողջությամբ կհամալրվի հենց այդ ծրագրի շրջանակում»,-«Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին:
Նրա տեղեկացմամբ՝ այս օրերին կառավարությունն ընդունեց որոշում, որով «Ես եմ» ծրագրի իրավական կարգավորումներն ամբողջանում են, հանրապետության զինվորական կոմիսարիատներում արդեն իսկ երիտասարդները հայտնում են իրենց հետաքրքրվածությունը, և մի քանի տասնյակ երիտասարդ արդեն դիմում է ներկայացրել ծրագրով պայմանագիր կնքելու համար:
Հարցերից մեկին պատասխանելով նա ասել է. «Իմ կուսակցական ընկերները, ի պատիվ իրենց, պետք է ասեմ, որ երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս: Նրա խոսքով, մեր անկախության տարիները ճիշտ հակառակն են արել, բերելով այն ըմբռնումը, որ քաղաքացին պետք է ծառայի բանակում։ «Մենք մի քանի քայլ ձեռնարկել ենք։ Շրջանառության մեջ ենք դրել օրինագիծը, որով բոլոր պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց եւ իրենց ընտնիքի՝ բանակին ունեցած առնչությունը»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, թե չի կարող ասել, որ նախագծերը մեկ օրում լուծելու են բոլոր հարցերը. «Հանրային քննարկման մեխանիզմները պետք է քայլ-առ քայլ տանեն այն դաշտ, որ մարտական հերթապահություն կատարող զորամասերում ծառայելը պատվաբեր է»։ Նա նշել է, որ հանրության շրջանում կան ավանդույթներ՝ խորը արմատներ ունեցող, որ բանակում ծառայելուց պետք է խուսափել, և այժմ իրենք փորձում են կոտրել այդ ավանդույթները։