Թուրքիայի խորհրդարանում հարձակվել են Գարո Փայլանի վրա (տեսանյութ)
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Փայլանը ֆինանսների նախարար Նաջի Աղբալին կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատներին վերաբերող օֆշորային գոտիներում ներդրումներ կատարելու մասին հրապարակումները:
Փայլանը մեջլիսում ելույթի ժամանակ քննադատել է նախարարությանը՝ նշելով, որ չնայած փաստաթղթերի հրապարակմանը ֆինանսների նախարարությունը, Ֆինանսական հանցագործությունների քննության վարչությունը որևէ քայլ չեն ձեռնարկում: Փայլանը պահանջել է, որ նախարար Աղբալը ֆինանսական հանցագործությունների քննության վարչությանը հանձնարարի համապատասխան գործընթաց սկսել՝ նշելով. «Հակառակ դեպքում այս երկրում այսպիսի անբարոյականությամբ, այսպիսի հարկային անբարոյականությամբ չեք կարող առաջ շարժվել»:
Փայլանին հակադարձել է ԱԶԿ-ական պատգամավորներից Իլքնուր Ինջեյոզը՝ ասելով, թե Փայլանը վերջին մարդն է, ով կարող է բարոյականության մասին դասեր տալ:
«Մեջլիսում դուք վերջինն եք, ումից բարոյականության մասին դասեր պիտի ստանանք, անգամ այդ վերջինն էլ չեք, սա էլ ուզում եմ հատուկ ընդգծել: Դու այս մեջլիսում անգամ վերջին մարդը չես»:
Փայլանը Ինջեյոզի վերոնշյալ խոսքերից հետո նրան կարգի է հրավիրել՝ ասելով. «Անտակտ մի եղիր»:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս խոսքից հետո ԱԶԿ-ական պատգամվորները, այդ թվում նաև Ինջեյոզը շարժվել են Փայլանի ուղղությամբ: Վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով նիստն ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում (Մեն կղզում) միլիոնավոր դոլարների ներդրում են արել: ԺՀԿ-ն մեղադրանքները հաստատող փաստաթղթեր է հրապարակել: