Երկար ճանապարհ պիտի անցնեն (տեսանյութ)
«Իհարկե, շատ լավ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ թեկնածուներ ունենան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ընդդիմության՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նշենք, որ «Ելքն» առաջադրելու է Արտակ Զեյնալյանին այդ պաշտոնում, իսկ «Ծառուկյան» դաշինքը դեռ իր տեսակետը չի հայտնել՝ չբացառելով, որ կունենա սեփական թեկնածուն: «Ելքը» նաև դիմել է «Ծառուկյան» դաշինքին աջակցության համար:
«Քաղաքական տրամաբանությամբ դա տվյալ քաղաքական ուժի համար լավ իրավիճակ է, որ ներկայացնում է երկրի նախագահի թեկնածու, բայց դե իրենք էլ, բոլորն էլ գիտեն, որ ներկայացնում են, շատ լավ է հասարակության, իշխող քաղաքական ուժի համար ևս, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, իսկ այդ երկար ճանապարհը դեռևս ես չեմ տեսել»,-հավելեց Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ նույնիսկ եթե «Ծառուկյան» դաշինքն էլ միանա «Ելքին», միևնույն է՝ չի կարծում, որ ինչ-որ հյաջողություններ լինեն, բայց թիմի համար դրական արդյունք է:
Ինչ վերավերում է «Հանրապետականին», ապա ՀՀԿ փոխնախագահը հայտնեց. «ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը չենք քննարկել: Ես այս պահին դեռևս ոչ մեկին չեմ տեսնում նախագահի պաշտոնում:
Շատ արժանիներ կան, շատերը կարող են այդ գործը կատարել: Սակայն քանի որ քննարկումներ չեն եղել, իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել, որ ինքս առաջարկեմ: Երբ քննարկումներ լինեն, ես իմ տեսակետը կհայտնեմ»: