Կաղ հանգերով սոլիստ չես դառնա. Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ին
“Չեի ուզի անդրադառնալ այդ հարցին, որովհետեւ չի կարելի կարեւորագույն երեւույթները փորձել նեղ կուսակցական եւ շահերով առաջնորդել:
Պարզապես, քաղաքական գործիչները պետք է մեկընդմիշտ իմանան, որ երբեւիցե կաղ հանգերով չեն կարող սոլիստ դառնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն գնահատականը, թե իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները վերջապես օրակարգային դարձան նաև քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի , և որ ամենակարևորն է` նախագահի համար, ով էլ համապատասխանաբար արտահայտվեց կառավարությունում հրավիրված վերջին խորհրդակցության ժամանակ:
Նախագահի հրավիրած խորհրդակցությունը, Գալուստ Սահակյանի խոսքով, ընդամենը աշխատանքային խորհրդակցություն էր:
“Խորհրդակցությունը բոլորովին այլ տրամաբանություն ուներ: Խոսքը վերաբերվում էր ոչ թե կառավարության աշխատանքը ոչնչացված ներկայացնելուն, ինչպես հորջորջում են իրենք, այլ թերությունները վեր հանելուն եւ ավելի ակտիվացնելուն”,-ասաց Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ փոխնախագահը նկատեց, թե այդ դիտարկման մեջ որեւէ քաղաքական տրամաբանություն չկա: “Տրամաբանությունից դուրս որակումները որեւէ քաղաքական ուժի սազական չէ”,-եզրափակեց Սահակյանը: