Այո՛, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան»-ին, լավ թեմա կլինի (տեսանյութ)
«Մենք որպես ընդդիմություն ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք մասնակցել քաղաքական գործընթացներին, ունենք համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, որ ունենք մարդիկ, ովքեր չեն պատրաստվում «Ղարաբաղը ծախել», կարող են բանակցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով նախագահի թեկնածու առաջադրելու «Ելքի» որոշման մասին:
«Կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: Իսկ թե գործընթացներն ինչպես կստացվեն՝ հաջողվա՞ծ, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք»-ի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար:
Մենք նախագահի թեկնածու ենք առաջադրում՝ փորձելու ցույց տալ, որ կարող ենք հակակշիռ լինել իշխանությանը և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել՝ ղեկավարելու երկիրը»,-հավելեց նա:
Հարցին, թե երբ առաջարկում են «Ծառուկյան» խմբակցությանը պաշտպանել իրենց թեկնածուին, նպատակ ունեն պարզելու՝ իրոք ընդդիմադիր ուժ է «Ծառուկյա»ն դաշինքը, թե ոչ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, իրենց հարցրեք: Այսօր գործընթաց է գնում, մենք դիմել ենք «Ծառուկյան» դաշինքին, իրենք ԱԺ-ում, որպես ընդդիմադիր խմբակցություն, բոլոր հնարավորություններից օգտվել են, հետևաբար փաստացի մեր երկրի օրենքներով իրենք ընդդիմադիր են: Դա իրենց որոշելու խնդիրն է՝ կպաշտպանե՞ն մեր թեկնածուին, թե այլ մեկին: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»:
Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե այս երկրում փոխոխություն լինի: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո՛, կռվեցրեք մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, լավ թեմա կլինի»:
Ակնարկելով ՀԱԿԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սարգսյանն ասաց, որ այսօր իրենք Ծառուկյան դաշինքին չեն առաջարկում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել:
«Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիայի, որը անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոփոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը», – ընդգծեց նա: