«Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում».նոր մանրամասներ ՊՊԾ գրավումից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում:
Մեղադրող դատխազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:
Դատախազը ներկայացրեց կասկածյալ Կարեն Հակոբյանի գրավոր ցուցմունքը: Կասկածյալը նշել էր, որ Վարուժան Ավետիսյանը զենք չի կրել, այլ միշտ եղել է համակարգչի մոտ:Իսկ Պավել Մանուկյանը զրուցել է պատանդ վերցված Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ և նրան ասել. «Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:
Մեղադրող-դատախազներն ներկայացրեցին նաև Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Ըստ արձանագրության Արթուր Սողոմոնյանը խմբիա այլ անդամների հետ Երևան է եկել Սպիտակից: Նրանց մոտ զենք չի եղել: Արդեն ՊՊԾ-ն գրավելուց հետո նա ինքնաձիգ է տեսել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից:
Բիլյանը կրակել է եւ ոտքի հարվածով բացել դուռը եւ մտել շենք: Գոռոց է լսել ու կրակոցներ:Հետո տեսել է փորը բռնած փախչող տղամարդ: Ավելի ուշ իմացել է, որ վիրավորը ոստիկան էր:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: