«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջեւ փոխայցերի ակտիվացումն ու շփումները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար:
Պարոն Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
«Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել:
Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը եւ ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, եւ իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքին: