Ընտանիքիցս հեռու մնացեք. Սեֆիլյանի գործով ամբաստանյալը չդիմացավ ու…./տեսանյութ/
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում:
Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանն այսօր դատարանի դահլիճում մինչ ցուցմունք տալը ելույթ ունեցավ եւ շնորհավորեց Ադրբեջանի նախագահին, որ ՀՀ իշխանությունը բանտերում է պահում Արցախյան հերոսներին։
«Նախ շնորհավորում եմ Հայաստանի պատմական հողերը զավթած Ադրբեջանի նախագահ Ալիեւնին այն փաստի առթիվ, որ այսօր հայաստանյան բանտերում են գտնվում իր եւ իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիներին, որոնք ժամանակին պատրաստ են եղել իրենց կյանքը զոհել հանուն էն քննիչների ու դատախազների, որոնք այն ժամանակ փոքր են եղել եւ էսօր իրենց թեթեւ ձեռքով էդ մարդկանց վրա գործեր են հարուցում ու լցնում բանտերը։ Անկապ հեքիաթներ գրեցին ու փակեցին»,–հայտարարեց Ներսես Պողոսյանը:
Պողոսյանը հայտնեց, որ Հովհաննես Պետորսյանի եւ Գալուստ Գրիգորյանի հետ առերեսում տեղի չի ունեցել, քանի որ պաշտպան չի ունեցել։ Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել։
«Իմ եւ Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի հետ առերեսում չի եղել։ Հարցրել են՝ ճանաչում են իրար, թե ոչ, ու առերեսումներից ես հրաժարվեցի, որովհետեւ դեռ պաշտպան չունեի։ Սկի չեմ էլ լսել ինչ են խոսում սարքել են առերեսում։ Տասը ամիս է՝ ասում էի, արա, իմ տնից զենք չեք հանել, տասը ամիս ա՝ ասում եմ՝ իմ տնից զենք չեք հանել, քննիչն ասում ա՝ իմ տնից զենք են հանել, տասը ամիս հետո գալիս ասում ա՝ վրիպակ էր եղել, որ գրել էինք՝ քո տնից զենք չէինք հանել, բայց գրած էր գործերի մեջ։ Սենց մեկ տարի յոթ ամիս նստած եմ, չգիտեմ խի»։
Ներսես Պողոսյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչել է որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, որպես հերոսներ Մոնթեի եւ Պետոյի ընկեր, Գեւորգ Սաֆարյանին հեռուստացույցով է տեսել, Հովհաննես Պետորսյանի եւ Արթուր Մովսիսյանի հետ ծանոթացել է 2015 թվականին։ Ասաց, որ երկրի վիճակի վերաբերյալ քննարկումներ շատերի հետ է ունեցել, բայց հեռուստաշխատարակը գրավելու մասին որեւէ խոսք Հովհաննես Պետրոսյանից չի լսել։
Ներսես Պողոսյանը կասկած հայտնեց, որ փորձում են իրենից վրեժխնդիր լինել։ Զայրացած հայտարարեց, թե եթե որեւէ մեկը փորձի վնասել իր ընտանիքի անդամներին, ապա ինքն էլ նույն կերպ կվարվի։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը 2016թ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ նախապատրաստել է Երեւանի հեռուստաաշտարակի եւ պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ։ Պողոսյանին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, որի հետեւանքով էլ նա, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը բացահայտվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Հիշեցնենք նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: