Շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն. ՀՀ նախագահ
«Կոնկրետ կետերի շուրջ, այո՛, չեն խոսում, բայց եթե տեսնեք`այս 2 տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարեք»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր նման դիտարկում է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով րագրողի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այն պնդումը, որ, էստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի կամ կարգավորման կետերի շուրջ արդեն գոնե 2 տարի չի խոսվում:
«Բայց վերջին 2 տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա պրոցեսը գնում է 2 ուղղությամբ. առաջինն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել հետաքննության, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մի ձեռքով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում, և այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ մի համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և շատ նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցես: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության»,-շարունակել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` տարածաշրջան կատարած այցին` նշելով.
«Որևէ հայեցակարգային առաջարկություն չկար, ընդհանրապես, որևէ նոր առաջարկություն չկար, և հայ-ռուսական հարաբերութունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացում մենք միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը չենք քննարկում: Ղարաբաղի մասին, նորից եմ ասում, ինչ կար` Լավրովը ներկայացրեց. Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը, և որ առաջարկած սկզբունքները միակն են, որոնք հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»:
Լրագրողի հարցին, թե թեև հիմա՝ բանակցությունների փուլում, կողմերը շատ ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում, կանցնի՞ այս ուլտիմատային փուլը, և, եթե անցնի, որտեղի՞ց պետք է սկսել, որն է Նախագահի տեսլականը, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Իմ տեսլականը հետևյալն է՝ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն: Մարդաորսը, որ կա այսօր, պետք է բացառվի: Այս դեպքում կստեղծվի որոշակի մթնոլորտ, որոշակի փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը՝ գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության այդ որդը սկսում է կրծել, և, այսպիսով, ստեղծվում է անվստահության մթնոլորտը: Սա պետք է վերացնել, հետո հանդարտ վիճակում բանակցությունները շարունակել»: