«Ես առանց քեզ չեմ կարա…».Դատավորը՝ «Սասնա ծռեր»-ի անդամին/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Պաշտպանները պահանջում են նիստը հետաձգել այնքան ժամանակով, որ իրենք հնարավորություն ունենան ծանոթանալ գործին:
Դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը և ընդգծեց, որ մեղադրական եզրակացություններն են հրապարակվում և այս փուլում պաշտպանների կարիքը առանձնապես չկա:
Պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
ընդմիջումից հետո դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:
«Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտեցին և լքեցին նիստերի դահլիճը: Դահլիճում մնաց միայն Խաչատուր Գիշչյանը, ում մեղադրական եզրակացությունը պետք է ներկայացվեր:
Գիշչյանը ձեռքով ողջյունի նշան արեց դատավորին: Դատավորը նույն կերպ արձագանքեց:
«Հիմա կարամ գնա՞մ»,-հարցրեց Խաչատուր Գիշչյանը:
«Չէ, ես առանց քեզ չեմ կարա»,-արձագանքեց նախագահող դատավորը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: