Իմ ձայնով աղոթք կարդացի Աստծուն, և Նա ինձ նայեց
Իմ ձայնով Տիրո՛ջն աղոթք կարդացի, իմ ձայնով աղո՛թք կարդացի Աստծուն, և Նա ի՛նձ նայեց: Նեղությանս մեջ ձեռքերս պարզած խնդրեցի՛ Աստծուն, գիշե՛րն էլ Նրա առջև կանգնելով՝ և չխաբվեցի՛: Մխիթարություն չէր գտնում հոգիս: Հիշեցի Աստծուն և ուրախացա՛, բայց իմ հառաչից դեռ նվաղում էր իմ հոգին իմ մեջ: Եվ վա՛ր կախեցի աչքերս այդժամ ու խռովքի մեջ բա՛ն չխոսեցի, առաջին օրերն հիշեցի, նաև տարիները այն, որ հավիտյանի՜ց ինձ հատկացվեցին:
Գիշեր ժամանակ ես խոսում էի ինքս իմ սրտի հետ, սակայն երբ կրկին հոգս էի անում՝ հոգիս ընկնում էր տառապանքի մեջ: Ինքդ Հավիտյանի մեջ գտնվելով մի՞թե այլևս մերժեցիր ինձ, Տե՛ր, մի՞թե այլևս էլ չես կամենա բարեհաճել ինձ: Կամ մի՞թե ինձնից ողորմությունդ իսպառ ե՛տ տարար, և կամ վերջացա՞վ խոստումը Խոսքիդ, որ սերունդների համար է դրվել: Եվ կամ մոռացա՞վ Աստված գթալ ինձ և կամ բարկության պատճառո՞վ է Նա Իր գթությունը ինձնից հեռացնում:
Ասացի՝ ա՛յժմ հասկացա, ահա, մե՛զ է նորոգում Բարձրյալն Աջով: Հիշեցի՛ այդժամ գործերը Տիրոջ, ի սկզբանե Նրա կատարած սքանչելիքնե՛րն այդժամ հիշեցի: Խորհեցի՛ բոլոր գործերիդ մասին, Ձեռքի՛դ գործերի մասին խորհեցի: Ճանապարհներդ սրբվելո՛ւ են տանում. աստվածների մեջ ո՞վ է, որ մե՛ծ է ամենքի վրա, մեր Աստվա՛ծն, անշուշտ. Աստվա՛ծ իմ, Դո՛ւ Ես սքանչելիագործ:
Զորությունը Քո Դո՛ւ ցույց տվեցիր Քո ժողովրդին, փրկեցի՛ր նրան բազուկովդ ահեղ՝ Հակոբի՛, Հովսեփի՛ որդիներին: Ջրերը այդժամ տեսա՛ն Քեզ, Աստվա՛ծ, ջրերը տեսան և երկյուղեցի՛ն, բազո՜ւմ ջրերի ձայնից խռովված՝ անհանգստացան անդունդնե՛րն անգամ: Ձայնեցի՛ն այդժամ ամպերը վերից, քանզի նետերդ արձակվում էին անվիդ ընթացքի որոտմունքներո՛վ: Տիեզերքի մեջ փայլատակումները Քո երևացին, որից երկիրը խռովվե՛ց, դողա՛ց: Ճանապարհներդ անցնում են ծովո՛վ, բազո՜ւմ ջրերի վրայով են Քո շավիղներն անցնում, և չե՛ն երևում հետքերը նրանց: Որպես ոչխարի Քեզ պատկանող հոտ՝ Առաջնորդեցի՜ր Քո ժողովրդին Մովսեսի՛ ձեռքով և Ահարոնի՛:
Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի
Սաղմոս 76