27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր Աստծուն հանձնիր հոգսերդ բոլոր, կկերակրի, կհագցնի քեզ

Իմ աղոթքներին ակա՛նջ դիր, Աստվա՛ծ, և խնդրանքներս անտես մի՛ անիր, Նայի՛ր ինձ վրա՝ խոսքս ունկընդրելով, քանի որ ահա խի՛ստ տրտմեցի ես ու ձանձրացա՛ ինքըս իմ ներսում, և խռովքներիցս ալեկոծվեցի՛: Թշնամու ձայնից և մեղավորի անվերջ նեղելուց, որ ելան իմ դեմ անիրավությամբ իրենց շեղածին, բարկությամբ լցված ու ոխ պահելով՝ սիրտս իմ ներսում սաստի՛կ խռովվեց, և մահվան երկյո՛ւղն իջավ ինձ վրա: Ա՛հ ու դողն եկան ինձ պարուրեցին, խավա՛րն ինձ ծածկեց: Ասում էի, թե՝ մեկը լինե՜ր- տա՛ր աղավնու թևեր, որ թռչեի՜ ես դեպի վե՜ր ու վե՜ր, և հեռանալով հանգի՛ստ գտնեի անապատի մեջ: Ակնկալիքս էր, որ Աստված փրկեր այն զայրույթիցըս, որ ծագե՛ց- պոռթկա՛ց կարճամիտ պահիս, նաև փրկե՛ր ինձ փոթորկացնող նեղսրտությունից:

Նայի՛ր, Տե՛ր, դրա՛նց արարմունքներին, և լեզուները դրանց բաժանի՛ր, քանի որ ահա անօրենություն, հակառակություն տեսա քաղաքում: Գիշեր ու ցերեկ պտտվում էին պարիսպների շուրջ՝ անօրենության չարիքն իրենց մեջ ու մեղքն իրենց մեջ, հրապարակնե՛րն էր նրանց լիուլի՝ վա՛շխ ու նենգությամբ:

Եթե լինեի թշնամուս կողմից սաստիկ նախատված՝ գուցե հնա՛ր էր, որ համբերեի, կամ ինձ ատելի մի անձ թե ելներ շարունակ վրաս մեծախոսելով՝ գուցե հնա՛ր էր, որ թաքնվեի: Իսկ դու մա՛րդ ես մի և հավասա՛ր ինձ, առաջնո՛րդ ես ինձ, ծանո՛թս ես նաև: Մեր կերակուրը միասին դո՛ւ էիր քաղցրացնում, միաբա՛ն էինք գնում Աստծո տուն: Բայց մա՛հը պիտի նրանց վրա գա և դեռ կենդանի՝ պիտ իջնեն դժո՛խք, որովհետև որ՝ ուր բնակվում են՝ չարությո՛ւն է լոկ թե՛ իրենց ապրած բոլո՜ր վայրերում, թե՛ ներսում իրենց:

Բայց ես առ Աստված աղո՛թք կարդացի, և Տե՛րն ինձ լսեց, և երեկոյան աղոթք կարդացի, վաղ առավոտյան, օրվա ընթացքում: Նրան պատմեցի և ասացի, թե՝ ձայնս կլսի՛, իր խաղաղությամբ անձս կազատի՛ մերձավորներից, որ իրենց ուժով ինձ վրա՛ ելան: Կլսի՛ Աստված, կխոնարհեցնի՛ նրանց Իր առջև, քանի որ Տերը հավիտյաններից առաջ էլ դեռ կար: Իսկ ահա սրանք, քանի որ տեսան, թե չունեն իրենց փոխարինողներ, այդ պատճառով էլ հանդո՛ւգն դարձան և սկսեցին Աստծուց չերկյուղե՛լ: Երկարե՛ց Ձեռքն Իր՝ անիրավներին հատուցո՛ւմ անի, իսկ նրանք ահա պղծեցի՛ն Նրա օրենքը կարգած:

Բայց նրանք Տիրոջ բարկության շնչից չկարողացա՛ն միաբան մնալ, և բաժանվեցի՛ն նրանք իրարից և Տերը նրանց սրտերի՛ն հասավ: Եվ նրանց խոսքը փոխվեց ու դարձավ փափո՛ւկ, ինչպես ձե՛թ, սակայն իրենք դեռ սլաքների պես անբարի՛շտ էին, հակառակընթաց: Տե՛ր Աստծուն հանձնիր հոգսերդ բոլոր, կկերակրի՛, կհագցնի՛ քեզ, և թույլ չի՛ տա, որ՝ արդարն երբևէ պա՛հ իսկ սասանվի: Դու, Տե՛ր իմ Աստված, ապստամբներին իրենց արժանի ապականության խորխորատների մեջ ես իջեցնում. արյունահեղ և նենգավոր մարդիկ չե՛ն լրացնելու օրերը իրենց, բայց ես Քո՛ վրա հույս հիմնեցի, Տե՛ր:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ