Մեր երկրում ամենահայրենասերները հավաքարարներն են
Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր շենքերի մուտքերը, բակերն ու փողոցներն ավլող մարդիկ են: Ուշ գիշերները կամ վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են, դուրս են գալիս այս մարդիկ և սկսում իրենց գործը: Լուռ են նրանք, շրջապատի նկատմամբ` գրեթե անտարբեր: Լինելով մեզանից մեկը, միաժամանակ ուրույն են իրենց ներաշխարհով, իրենց աշխարհով ու փիլիսոփայությամբ: Մեր և իրենց միջև տարբերությունը նաև այն է, որ մենք գրեթե ոչինչ չգիտենք նրանց մասին, հաճախ չենք էլ գիտակցում նրանց գոյությունը, այնինչ, նրանք ամեն ինչ գիտեն մեր մասին, հատկապես` հայրենիքի, հայրենի հողի հանդեպ մեր վերաբերմունքի, մեր խոսքերի ու իրական վարքուբարքի միջև առկա խզման կամ համադրման աստիճանի մասին:
Մեր շենքերի վերելակների առջև, աստիճանների վրա, մուտքերի անկյուններում, պատուհանների ու պատշգամբների տակ, վերջապես` բակերում, այգիներում, փողոցներում ամեն րոպե շպրտվող ծխախոտի կոթուկների ու տուփերի, քաղցրավենիքի կամ արևածաղկի փայլփլուն թղթերի, պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի մեջ նրանք ամեն գիշեր պատռում են մեր ցերեկային դիմակները, տեսնում մեր իրական վարքագիծը, տեսնում մեր ներաշխարհը, իրակա’ն, ձևականություններից, քաղաքավարության «պճնանքներից» բեռնաթափված մեր կերպարանքը: Նրանք յուրաքանչյուրիս ճանաչում են շատ լավ, իսկ հաճախ` ավելին, քան ինքներս մեզ: Ավելին, եթե մենք ցերեկը վերելակը հասնելուն պես նոր վառած ծխախոտը արագ շպրտում ենք որևէ մի անկյան ուղղությամբ, մտնում վերելակ և գող կատվի նման միամիտ տեսք ստանում, իբրև թե շատ ուսյալ և կիրթ ենք, այնքա’ն քաղաքավարի, որ ծխախոտ շպրտելու մասին խոսք էլ չի կարող լինել, ապա «հավաքարար» կոչվող գիշերային մեր բարեկամներից փախչել կամ մեր իրական դեմքը թաքցնել երբեք չենք կարող: Այդ խորհրդավոր մարդիկ ոչ միայն գիտեն յուրաքանչյուրիս շպրտած շշերի, արևածաղկի սերմերի, ծխախոտի մնացորդների և տուփերի, ականջմաքրիչների, դեղորայքի տուփերի, ինտիմ պարագաների մասին, այլև գիտեն անգամ, թե որից ինչ քանակով և ինչ պարբերականությամբ ենք շպրտում մեր շրջակայքում: Նրանք գիշերը բացահայտում են մեր ցերեկային հետքերը, հետքեր, որոնք անխնա կերպով փորձում ենք մեզ չվերագրել: Այո’, մենք փախչում ենք մեր հետքերից, սակայն հավաքարարները այնքա’ն տվյալներ ունեն «հավաքած» մեր մասին, որ մի ակնթարթում կարող են «հաղթել դատը» և ապացուցել, որ մենք բոլորովին էլ այն չենք, ինչ կերպ ներկայանում ենք հասարակությանը: Կարող են, բայց չեն անում, փոխարենը` լուռ մաքրում են մեր հետքերը, մեր դեմքը: Այդպիսով` նրանք ոչ միայն հայրենասեր են, այլև անսահման բարի: Նրանք ոչ միայն չեն բացահայտում մեր իրական դեմքը կամ բարձրաձայնում մեր վարքի մասին, այլև ամենօրյա լուռ աշխատանքով ձգտում են ուղղել, ձգտում են դաստիարակել մեզ: Նրանք մեր արարքների դեմ պայքարում են ոչ թե չարությամբ, այլ բարին սերմանելով:
Արցախյան ազատամարտի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը մի անգամ զրույցի ժամանակ նշեց, որ Արցախում ոչ թե իրենք` զինվորականները հաղթեցին, այլ այն կանայք ու տատիկները, ովքեր Շուշիից եկող արկերի տարափի տակ ավլում էին Ստեփանակերտի բակերը, փողոցներն ու մայթերը:
Դժվար է չհամաձայնել հարգարժան Ամալյանի հետ. այո’, այդ տատիկները տերն էին իրենց սրբազան հողի և հաստատակամ էին այն համոզման մեջ, որ այն ոչ ոք չի կարող խլել իրենցից: Նույնկերպ կարելի է մտածել նաև մեր Մայր հանրապետության հավաքարարների մասին. նրանք իրենց լուռ աշխատանքով ամեն օր մեզ պատգամում են` սա մեր Հայրենի’քն է, մեր դե’մքը, մեր պատի’վը, մեր ապագա’ն, մի’ ապականեք արյունով սրբացած մեր հողը: Ցավոք, նրանց մենք չենք հանդիպում, և նրանց ձայնը մինչ օրս մեզ չի հասել:
Տարիներ առաջ էր: Մի ուսանողական ընկեր ունեի` Կադմոս անունով: Մի օր քայլում էինք Երևանում: Մեկ-երկու փողոց անցնելով` նկատեցի, որ արդեն հանգցրած ծխախոտի մնացորդը տևական ժամանակ է, ինչ նա պահել էր ձեռքում: Իմ հայացքին ի պատասխան` նա նշեց. «Եղբա՛յր, ամեն ինչ սրանից է սկսվում…»:
Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ ծխախոտը շպրտող և վերելակ, տուն, երթուղային, հիմնարկ, եկեղեցի կամ այլ մի տեղ մտնող ուսուցիչը, գիտնականը, բժիշկը, քաղաքական գործիչը կամ որևէ այլ մեկը չի’ կարող համարվել հայրենասեր: Նրա նվիրումը, խոսքերը կամ գործերը առ հայրենիք կեղծ են. նա չի’ կարող սիրել մեր երկիրը, մեր պետականությունը:
Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր հավաքարարներն են: