Բարոյական ճնշում է.«Սասնա ծռեր»-ը աղմկում են
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հայտնեց, որ ավարտվեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը:
Դատավորը ամբաստանյալների համար պարզաբանեց նրանց իրավունքները:Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենց վրա բարոյական ճնշում է գործադրվում, քանի որ ոստիկանները փակում են իրենց տեսադաշտը:
Դատավորը ոստիկաններին հորդորեց նստել կամ փոխել կանգնելու տեղը:
Դատավորը Պավել Մանուկյանին հարցրեց. «Ձեզ մեղավոր ճանաչում եք ու ինչպես եք անդրադառնում մեղադրանքին»:
«Սասնա ծռեր»-ի անդամները սկսեցին աղմկել և դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: