Ռոբերտ Քոչարյանը չի լինի ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուն. Հովհաննես Իգիթյան
Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նախընտրական քայլ չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
“Ես ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը և չեմ կարծում, որ սա նախընտրական փիար էր”,-ասել է Հովհաննես Իգիթյանն ու հավելել, որ գործող նախագահը տեւական ժամանակ է, փորձում է որևէ բան փոխել, բայց չի կարողանում:
Ընդդիմադիր գործչի կարծիքով, այսպես այլեւս երկիրն առաջ տանել հնարավոր չէ: Սերժ Սարգսյանի տոնը վկայում է այն մասին, որ հասել ենք մի կետի, որից հետո հնարավոր չէ ղեկավարել երկիրը: Բանախոսի դիտարկմամբ, պետք է խորհրդարանից ու կառավարությունից հետ կանչել գործարարներինն եւ քաղաքական թիմը համալրել իրապես քաղաքական գործիչներով:
Հովհաննես Իգիթյանի ընդդիմախոսը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ կարծիք է հայտնել, որ նախագահի գնահատականները վերաբերվում էին միայն գնումների գործընթացին եւ ոչ կառավարության գործունեությանն ընդհանրապես:
Ինչ վերաբերվում է սպասվող նախագահական ընտրություններին, Հովհաննես Իգիթյանը կարծիք է հայտնել, որ գործող նախագահից բացի որեւէ այլ թեկնածու չի կարող ընտրվել: Ընդդիմադիր գործչի խոսքով, Սերժ Սարգսյանը տիրապետում է վարչական եւ ֆինանսական ռեսուրսների:
ՀՀ երկրորդ նախագահի վերադարձի հետ կապված, Հովհաննես Իգիթյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը այդ շանսը չունի եւ չի լինի ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուն: Ըստ բանախոսի, Ռոբերտ Քոչարյանը գուցե տարիներ անց վարչապետի պաշտոնով վերադառնա: