«Это все ерунда»
«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս համաձայնագրին:
Նա ներկայացրեց մեկ նամակ, որ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացին ուղղել է իրեն: Քաղաքացին գրել է, որ իր կնոջը թույլ չեն տալիս երկարաժամկետ գրանցվել ՌԴ-ում, քանի որ աշխատանքային պայմանագիր չունի: Ապա Փաշինյանը նշեց, որ երբ քաղաքացին ասել է՝ ԵԱՏՄ անդամ պետություն ենք, նրան պատասխանել են` «это все ерунда»: «Դուք ասում էիք ԵԱՏՄ մտնելուց հետո աշխատուժը գնալու է, պամիդորը գնալու է, տնտեսական զարգացումը գալու է: Հիմա ի՞նչ է տեղի ունենալու: Մենք պարտավոր ենք էս գլխից քաղաքական արձանագրումն անել, որ հետո չասենք՝ վայ գլխի չենք ընկել»,- ասաց պատգամավորը: Փաշինյանը նշեց, որ անընդհատ պրոբլեմներ են առաջանալու մաքսային հարաբերությունների հետ կապված:
«Երբ էս լավ ներկայացված հաստ փաստաթղթերը հանեն, մաքսային մեր գործընկերներին ցույց տան, ասելու են` это все ерунда, ստացվելու է, որ ՀՀ ԱԺ-ն երեք տարի զբաղված էր «եռունդաներին» կողմ քվեարկելով, այդ պատճառով մենք չենք ուզում եռունդաներին կողմ քվեարկել: Մենք մաքսային միության օրենսգրքին միանալու համաձայնագրին խիստ հարգելի պատճառով դեմ ենք քվեարկելու»,- եզրափակեց Փաշինյանը: