Կույր աղոթող չլինենք
Բարի է ամեն բացվող առավոտ, թող բարի լինի նաև մեր ընտրությունը:
Սուրբ Գիրքը մեզ հեռու է պահում մեղքից,
իսկ մեղքը հեռու է պահում Սուրբ Գրքից:
Ընտրությունը մերն է միանշանակ:
Անհարիր երևույթներ կան մեզանում, որոնք պետք է անհապաղ շտկվեն պատկան մարդկանց կողմից: Որոշ մարդկանց կողմից պետք է թույլտվություն ստանանք մի գործարք անելու համար, որոշ մարդիկ պետք է հաստատեն մեր որոշումը, որոշ մարդկանց օրհնությունն է պետք այդ գործի համար, իսկ որոշների` օգնությունը: Մենք միայնակ չենք կարող գործել: Դրա համար էլ Աստված մարդկանց տարբեր շնորհներ է տվել, որպեսզի միմյանց օգտակար լինեն: Այո, պետք է աղոթել, բայց ոչ ձեռքերը ծալած նստել ու սպասել աղոթքի արդյունքին: Երևույթներ կան, որոնց դեմ պետք է պայքարել, ու թույլ չտալ, որ շարունակելով վնասեն անտեղյակ մարդկանց:
Եթե անձրև է գալիս, ուրեմն պետք է անձրևանոց վերցնենք, ոչ թե աղոթենք չթրջվելու համար: Դեպքեր էլ կան, որոնց համար միայն Աստծու կամքը պետք է խնդրենք: Ինչո՞ւ մենք չենք կարողանում հաշտվել կառուցողական քննադատության հետ, թերությունները` շտկելու նպատակով վեր հանելու երևույթի հետ: Տեսնում ենք սխալը և ներկայացնում ենք որպես ճիշտ:
Աղոթքը մեր կյանքը մաքրազարդող գործընթաց է, բայց մենք կույր աղոթող չլինենք: Եթե կոշիկը պոկվել է, պետք է կոշկարարին տանել անմիջապես, ոչ թե աղոթել:
Երբ մենք հստակ գիտենք, թե մեր ընտանիքում ո՛ր թերության դեմ պետք է պայքարել, և ո՛րի համար աղոթել, ու ոչ մի քայլ չեմ ձեռնարկում, ապա շուտով այդ թերությունը հայտնի է դառնում մեր տուն այցելողներին, և այլևս կեղծավորությամբ թաքցնելը աննպատակ է և նույնիսկ վտանգավոր… Այնպես ապրենք, որ մեր կենցաղավարությունը այլոց համար գայթակղություն չլինի:
Ծովիկ Դավթյան