25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեք հաղորդագրություն. Ժամանակ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց:

Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի այցը անկասկած իր առանձնահատկությունը ստանում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ֆոնին, որից մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ և դիտում այնտեղ անցկացվող զորավարժությունը:

Միևնույն ժամանակ, այդ ընթացքում էլ Սարգսյանը մասնակցեց Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ այդ կազմակերպությունը ցուցաբերեց հայկական արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական խնդիրներին համեմատության մեջ աննախադեպ համարժեքություն և ընդունեց Լեռնային Ղարաբաղի թեմայով հայկական կողմի ներկայացրած հայտարարության նախագիծը:

Միևնույն ժամանակ, մեկ այլ կարևոր իրադարձություն էր թերևս այդ ընթացքում կամ միջակայքում Հայաստան՝ Իրանի արտգործնախարարի այցը, որի ընթացքում նա հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Իրանը ղարաբաղյան իրավիճակում էապես շահագրգռված պետություններից մեկն է, և այդ հանգամանքը հայ-իրանական օրակարգի առայժմ գուցե միակ առարկայական և արդիական հարցն է, քանի դեռ այլ տնտեսական նախագծերը գտնվում են թղթի վրա:

Այսպես ասած՝ գետնի վրա հայ-իրանական օրակարգում այն է, որ Երևանը փաստորեն շարունակում է վերահսկել իրավիճակը ղարաբաղյան գոտում և թույլ չտալ ստատուս քվոյի փոփոխություն, ինչն Իրանի համար առաջին հերթին վտանգ է ներկայացնում տարածաշրջան խաղաղապահների անվան տակ երրորդ ուժերի ներգրավման տեսանկյունից:

Այդպիսով, 2017 թվականի ավարտին Արցախում իրականացված զորավարժությունից և խորհրդակցությունից առաջ Երևանը փաստորեն երեք կարևոր ուղղությամբ տալիս է կարևոր ազդակներ և դրանք գործնականում ամփոփում, այսպես ասած՝ ի մի բերում Արցախյան զորավարժությամբ. դրանք են՝ եվրոպական կամ, ավելի ճիշտ կլինի ասել, եվրաատլանտյան ուղղությունը, ՀԱՊԿ-ռուսական ուղղությունը և իրանական ուղղությունը:

Արցախում անցկացված զորավարժությունը բացառիկ է դառնում դրանով, որ զորավարժությունից առաջ Երևանը փաստորեն համադրում է երեք կարևորագույն այդ ուժային կենտրոնների հետ որոշակի հաղորդակցության արդյունք: Թե ինչ ժամանակահատված է ներառելու այդ համադրությունը՝ դժվար է ասել, սակայն կարևոր է, որ 2017 թվականը հաջողվում է ավարտել այդ համադրությամբ, որ գործնականում տեղի է ունենում Հայաստանի զինված ուժերի ռազմաքաղաքական առաքելության հարթակում:

Այդ ֆոնին, սակայն, առավել ընդգծվում է չորրորդ ուղղության, այսինքն՝ ներքին վիճակի վերաբերյալ առանցքային ազդակների բացակայությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ է համադրվելու զինված ուժերի ռազմաքաղաքական առաքելության մեջ ներքին տեսանկյունից:

Այստեղ, իհարկե, առաջ է քաշված երկու հանգամանք՝ ազգ-բանակ հայեցակարգ և բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին հանձնարարական, սակայն դրանց զուգահեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում այդ գործոնների տնտեսական ապահովման առումով, թե ինչպես է Հայաստանի տնտեսությունը բերվելու մի կողմից՝ բանակի ռազմաքաղաքական առաքելության շուրջ երեք ուժային կենտրոնների մոտեցումների համադրումը սպասարկելու կարողության, մյուս կողմից՝ ապահովելու պաշտպանական բնագավառի արդիականացման գործընթացը: Մինչդեռ առանց այդ հստակ ազդակների Հայաստանի շուրջ կառուցված արտաքին քաղաքական որոշակի բարենպաստ և ոգևորիչ մթնոլորտը կարող է հիշեցնել առանց պատվանդանի կոթողի, որը չի կարող ունենալ կայուն ապագա:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ