ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից. Մարուքյանն՝ իշխանությանը
Ազգային ժողովում հերթական քառօրյայի սկզբին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել: «Թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող նախագիծ է»,-ասաց նա ու հավելեց, որ ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են կանգնելու, քանի որ նոր թանկացումներ են լինելու: «Քաղաքացիները կհիշեն, որ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ուներ, ու երեք խմբակցությունները մերժեցին: Եթե մտածում էին, որ Հայաստանը թափով շարժվում էր առաջ, մարդիկ ավելի լավ էին ապրում, կարող էիք կողմ լինել, ու կստեղծվեր հանձնաժողով»:
Մարուքյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵԱՏՄ-ն օգուտ է ՀՀ-ին: «Դրա համար էլ տեղի ունեցանք ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկվում էր մեր նախագիծը, ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են Հայաստանում տարածվել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից, որ այդքան հակառուսականություն եք տարածում մեր ժողովրդի մեջ»,-ասաց Մարուքյանը:
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ի ու իշխանության ներկայացուցիչների համար Հայաստանը չի դիտարկվել որպես զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան: «Դուք այդ ձևով չեք դիտարկել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զարգացող գործընկեր Հայաստան»:
Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ քննարկման ժամանակ բոլոր բերված փաստերն էլ քննարկման արժանացել են: «Իսկ այն եզրահանգումները, որ արվում են՝ թանկացումները կապված են ԵԱՏՄ-ի հետ, չկա որևէ տնտեսական հիմնավորում դրա վերաբերյալ, որ ներդրումները դրա համար են նվազել»: Նա նաև հավելեց, որ չկա որևէ միություն, որտեղ խնդիրներ չլինեն:
ՀՀկ-ական Սամվել Ֆարմանյանը վարման կարգով խոսելով նկատեց, որ պետք է արձանագրել, որ ԵԱՏՄ և ԵՄ-ի արհեստական հակադրությունը չի բխում ՀՀ շահերից:
Արդյունքում նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ: