Ներկայացվեց Կարո Եղնուկյանի մեղադրանքը. նա դահլիճ բերվեց /տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքների առաջադրման փուլում:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հինգ րոպեով իր պաշտպանյալին բերել դատական նիստերի դահլիճ, որ նա հնարավորություն ունենա լսելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Մեղադրող դատախազը նշեց, որ Կարո Եղնուկյանը փորձել է ռադիոկապով ապահովել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներին, երբ վերջիններիս հեռախոսները գաղտնալսվում էին:
Կարո Եղնուկյանը իրեն առաջադրված մեղադրանքը լսելուց հետո կրկին լքեցդատական նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: