Կառավարությունը փոխում է վարորդական վկայական ստանալու կարգը
Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար:
Ավտոմոբիլով գործնական քննությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:
Բացի վերոնշյալից, որակավորման քննություններին մասնակցելուց առաջ քաղաքացու տվյալները համեմատվում են հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ, եւ եթե առկա է համընկնում, ապա արգելվում է մասնակցել քննություններին:
Կառավարության որոշման նոր նախագծի համաձայն, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին:
Վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննությունը:
Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում:
Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել մեկ փուլով` միայն ավտոդրոմում (ավտոհրապարակում), իսկ մինչեւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:
Նախագծով վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաեւ տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին:
Բացի այդ, նախագծով հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը եւ փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:
Այս որոշմամբ, փաստորեն կվերանան քաղաքացու կողմից գրավոր դիմում ներկայացնելու, գործնական քննությունը երկու փուլով անցկացնելու, քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում կայացնելու եւ քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու գործընթացները, պարզեցնելով եւ թափանցիկ դարձնելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ամբողջ գործընթացը:
Նյութը` rea.am-ի