Մենք չէինք գտնի զինվորին սպանված, եթե…պաշտոնանկություններ կլինեն /լրացված/
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում թեմայով լսումներ էին կազմակերպվել Ազգային ժողովում:
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ՊՆ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց երեկվա ցավալի միջադեպի մասին:
՛՛Դեռևս մեր հասարակության մեջ և նաև բանակում գոյություն ունեն այնպիսի երևույթներ, ինչպիսին է թաքցնելը, չզեկուցելը ժամանակին, քո ուժերով խնդիրները լուծելու սկզբունքին դավանելը: Կարծում են, որ իրավապահ մարմիններին ժամանակին զեկուցելը ճիշտ չէ, հրամանատարներին դիմելը ճիշտ չէ, ինչը նաև փողոցից է ներմուծվում բանակ՛՛,-պատասխանեց Սեյրան Օհանյանը:
՛՛Եթե զինծառայողները ժամանակին հրամանատարներին զեկուցեին, որ նման դեպք կա`միջանձնային, ապա կարելի էր կանխարգելել, մենք չէինք գտնի զինվորին սպանված վիճակում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում ծագած վեճի և հաշվեհարդար տեսնելու միտումներ կան. առայժմ իրավապահ մարմինները աշխատում են, երբ ամեն ինչ բացահայտվի, հասարակությանը կտեղեկացնենք՛՛,-հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ զորմասերից մեկում զինծառայողը զանգահարել էր հորը, ասել, որ իրեն այլևս չեն տեսնի, ապա գտել էին զինվորի դին:
13:46
Ապա լրագրողների հետ զրույցում նախարարն ավելի մանրամասն խոսեց այս դեպքի մասին:
Պատասխանելով հարցին, թե ինքն իր խոսքում նշեց, որ եթե ժամանակին զեկուցվեր Չինարիի դեպքի մասին, հնարավոր էր կանխարգելել, կարելի է արդյոք ենթադրել, որ սա ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն, նման վարկած շրջանառվու՞մ է, նախարարն ասաց. ՛՛Այսօր չենք ասում, որ կոնկրետ ինքնասպանություն է տեղի ունեցել, սպանված վիճակում զինծառայողը զենքի պահասենյակում գտնվել է: Իհարկե, թվարկվածներից մեկն ինքնասպանությունն է և ինքնասպանությունն ու ինքնասպանության հասցնելը փոխկապակցված են, երկու խնդիրն էլ մենք նույն հարթության մեջ ենք տեսնում, այսինքն՝ եղել են դրդապատճառներ, որոնք հանգեցրել են նրան, որ մարդ կարող է գնալ ինքնասպանության՛՛:
Սեյրան Օհանյանը չբացառեց, որ շատ խիստ տույժեր կլինեն, ինչպես նաև պաշտոնանկություններ:
՛՛Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի, որովհետև իրենք պարտավոր էին իմանալ դրա մասին, պարտավոր են իմանալ իրադրությունը, որ տիրում է իրենց ստորաբաժանումներում: Այն պատասխանատուները, որոնք պարտավոր էին համագործակցել նաև իրավական ոլորտից, ռազմական ոստիկանությունից, նրանք իրենց տույժը նույնպես խիստ կերպով կստանան՛՛,-եզրափակեց նախարարը: