Սեֆիլյանը ցուցմունք չի տա/տեսանյութ/
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:
Նշենք, որ այս դատաքննությունը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում:
Գործով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից: Այս մասին դատարանին փոխանցեց նրա շահերի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը:
Սեֆիլյանը չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքը և նշում է, որ եթե հարկավոր լինի հանդես կգա հայտարարություններով:
«Ժիրայր Սեֆիլյանը լինելով քաղաքական գործիչ դատաքննությունը համարում է արհեստական միջոցառում»,- հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։