Հայաստանի շարքային քաղաքացիները պետք է զգան, որ նոր բան է տեղի ունենում․ Սվիտալսկի
Նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։
«ՀՀ–ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շնորհավորանքների առիթ է։ Եվ այժմ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես անել այնպես, որ Հայաստանի շարքային քաղաքացիները զգան, որ նոր բան է տեղի ունենում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Նա նաև նշեց, որ ԵՄ–Հայաստան կամուրջն ամրապնդելու հարցում մեծ է քաղաքացիական հասարակության անդամների դերը․ «Պետք է ՔՀԿ–ներն ընկերական ճնշում գործադրեն, մշտադիտարկեն համաձայնագրի իրականացման գործընթացը, որպեսզի համագործակցությունն իսկապես տեղի ունենա»,- նշեց դեսպանը։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը համաժողովին ներկայացրեց ծրագրի նպատակներն ու մինչ այժմ կատարված աշխատանքները։
«Ծրագիրն ունի առանձնահատուկ նպատակներ, որոնցից են ծրագրի 9 թիրախային ոլորտում խնդիրների հատկորոշումը և փաստերի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, ՔՀԿ–ների և ՔՀԿ–ների կոալիցիայի ցանցի կարողությունների ուժեղացում, կոալիցիաների ստեղծում և զարգացում, ինչպես նաև ծրագրի թիրախային ոլորտներում հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացում և զարգացում, ՏԻՄ–երում և կենտրոնական պետական մարմինների հետ հանրային քաղաքականությունների մշակման բնագավառում կառուցողական և կայուն երկխոսության ստեղծում»,- ասաց Կարեն Զադոյանը։
Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ 120 ՔՀԿ–ի համար, որոնք կընտրվեն մրցութային կարգով, կիրականացվի ուսուցում՝ փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակում և կառավարության հետ կայուն և կառուցողական երկխոսության իրականացում։ Դասընթացները կիրականացվեն Հայաստանում Ամերիկյան համալսարանում։
ԱԼԳ Քաղհասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ֆորումի 9-րդ՝ Տալլինի համաժողովի արդյունքները․ «Կարևոր խնդիր էր ֆորումի գործունեության ներքին բարեփոխումների ռազմավարության ընդունումը։ Այս հարցերի վերջնական համաձայնությունների համար որոշակի խոչընդոտներ առաջացան և դրանց հաստատումը կամ վավերացումը ֆորումի կողմից Տալլինում հետաձգվեց»։
Նա նաև նշեց, որ փաստաթուղթը քննարկման կդրվի ազգային պլատֆորմներում, այնուհետև մինչև տարեվերջ ֆորումը կամփոփի արդյունքները։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարևորեց կառավարություն–քաղաքացիական հասարակության հարաբերությունների մեխանիզմների մշակումը, այդ թվում կառուցողական երկխոսությունը։ Պետք է կառավարության հետ կառուցողական երկխոսության միջոցով թիրախային ոլորտներում ձևավորել աշխատանքային խմբեր, որտեղ մշտապես ներկայացված կլինեն և՛ պլատֆորմի մասնակիցները, և՛ կառավարական օղակների ներկայացուցիչներ։