Անընդունելի է՝ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին. ՀՀԿ պատգամավոր
«ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչն անընդունելի է, բայց ՀՀ-ն էլ ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրերով ավելի էժան գնով է զենք ձեռք բերում»,- Ազգային ժողովում «Ելք»-ի նախաձեռնած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին: Ըստ նրա՝ սա անընդունելի է, բայց դրա հետ մեկտեղ բոլոր այն համաձայնագրերը, որոնք մենք ՌԴ-ի հետ կնքել ենք ու ավելի էժան գնով ենք ռազմամթերք գնում՝ փաստ է:
«ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը շատ վատ է, բայց մենք մեր ազգային անվտանգությունը կարողանում ենք ապահովել՝ ձեռք բերելով զինատեսակներ շատ ավելի էժան գներով: Այդ առումով այսօր ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր անդամագրումն արդյունավետ է»:
Պատգամավորը շեշտեց՝ Եվրամիությունում ևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել, մինչդեռ ԵԱՏՄ-ն նոր հնարավորություն է ՀՀ-ի համար: «Պատկերացրեք, որ ԵԱՏՄ անդամ չէինք, ՌԴ-ի հետ չէինք կարող ունենալ տնտեսական հարաբերություններ, ո՞ւր էին արտահանվելու գյուղմթերքները», – նշեց նա: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին՝ պատգամավորն ընդգծեց, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության հաղթանակն էր, ու ՀՀ-ն ցույց տվեց, որ ինքնիշխան պետություն է, ու ինքն է կառուցում իր արտաքին հարաբերությունները: