Առաջին համերգը պապերի քաղաքում. ջազմենը բարեգործական համերգ է կազմակերպել Գյումրիում
Առաջին անգամ դեկտեմբերի 1-ին Գյումրիում հանդես կգա հայտնի ջազմեն, երգահան, դաշնակահար «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի հիմնադիր Գարի Քյոսայանն իր ջազ քառյակով: Համերգը բարեգործական է և ողջ հասույթը տրամադրվելու է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան» ծրագրերին:
«Իմ համար ևս պատիվ է ելույթ ունենալ իմ պապերի քաղաքում, բացի այդ Գյումրին եղել է ու կա արվեստի կենտրոն և ես անչափ ուրախ եմ, որ համերգը պետք է կայանա»,-նշեց Գարի Քյոսայանը:
Գյումրիի հանդեպ սերը խորը արմատներ ունի: «Հայրիկիս պապն է այստեղից, հայրիկս է այստեղ ապրել: Պապիկս՝ Կոնստանտինը, ով շատ լավ դաշնակահար էր եւ Ավետիք Իսահակյանի մոտ ընկերը, ապրել են իրար հետ Ֆրանսիայում: Իսահակյանի խնդրանքով եկել է Գյումրի ու ամուսնացել Հայաստան անունով աղջկա հետ: Պապիկս երազանք է ունեցել՝ Ալեքսանդրապոլում դաշնամուրի գործարան բաց անել, ավելի ուշ Երեւանում է բացվում նման գործարան ու հորեղբայրս տնօրենն է դառնում»,- ասուլիսի ժամանակ կիսվեց հիշողություններվ սիրված երաժիշտը:
Այս երկու ծրագրերը՝ «Տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» մոտ 15 տարի բարեգործական նպատակներով Հայաստանի մարզերում օգնել են երեխաներին և տարեցներին: Բայց հիմա այս ծրագրերն ունեն ֆոնդահայթայթման խնդիր՝ տեղի բարերարների աջակցության կարիքը: Ծրագրի տեղական ներդրումն ապահովելու պահանջը պարտադրում է օտարերկրացի բարերարը: Հասույթը կուղղորդվի Հայաստանի 5 քաղաքներում /Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Գավառը, Արտաշատը/ իրականացվող ծրագրերին: «Երբ օգնելու խնդրով դիմեցինք պարոն Քյոսայանին, ստացանք դրական արձագանք»,-նշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Համերգի հատուկ հյուրերն են Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը: Համերգի ընթացքում կհնչեն նոր ստեղծագործություններ՝ ջազ բենդն հանդես կգա նոր ծրագրով: «Համերգի ընթացքում կլինեն նաև անակնկալներ: «Իմ համար ևս պատիվ է ելույթ ունենալ իմ պապերի քաղաքում: Սրտանց եմ գալիս Գյումրի և սրտանց պիտի կատարեմ լավագույն ստեղծագործություններս։ Գյումրին ինձ համար միշտ եղել է արվեստի կենտրոն և կա»,- -նշեց Գարի Քյոսայան:
Գարի Քյոսայանի աջակցում է կինը՝ դերասանուհի ու երգչուհի Ալլա Սահակյանը: «Մենք միշտ շատ պատրաստակամ ենք նման ծրագրերով մասնակցում, դուետով էլ ենք Գարիի հետ շատ նման բարեգործական համերգներ տվել: Այսօր Գյումրիի համար անել նման համերգ՝ էլ ավելի կարևոր է , քանի որ սոցիալականից բացի կարևորում եմ Գյումրիի մշակութային հասարակությունը»,-նշեց Ալլա Սահակյանը:
Երաժիշտ խոսել է նաև իր ծրագրերի մասին: 4 նոր սկավառակներ է նախատեսում լույս ընծայել: Համերգներ, որոնցից մեկը լինելու է ապրիլին նվիրված երաժիշտի հորը՝ կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին, ինչպես նաև հյուրախաղերով հանդես կգան արտերկրում: