28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
 
Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Հիշեցնենք, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը բանակցել է շուրջ երկու տարի, նախաստորագրել է այս տարվա մարտին:

Նշենք, որ ինչպես հրապարակված է համաձայնագրի տեսքում՝ այն նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։ 

Համաձայնագիրը նպատակ ունի նաև ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջև սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը, նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով։

Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ընդլայնել շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը, աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ իր օրենսդրությունը Եվրոպական միության այսուհետ հիշատակվող օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժը զարգացնելու համար ջանքեր գործադրելու հարցում։

Նախատեսվում է նաև հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն, որը համապատասխան ոլորտներում ապահովում է կանոնակարգող կայուն համագործակցություն` ԱՀԿ-ին անդամակցությունից բխող իրավունքներին և պարտականություններին համապատասխան, ստեղծել պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ավելի ու ավելի սերտ համագործակցության համար:

Եվրահանձնաժողովը ստորագրվելիք համաձայնագրում անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, նշելով․

«Ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ