19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակիրճ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում պատրաստվում են կնքել  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել էր 2017թ․ հոկտեմբերի 13-ին։ Առկա է նաև պայմանագրի տեքստի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված համառոտագիրը։ Հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորությունը ներկայացնում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։

Պատմություն

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները սկսել են ակտիվանալ 1990-ական թթ․ կեսերին, երբ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականություն բարձրացավ։ Այս շրջանում էլ սկսում են ֆորմալ օրենսդրական շրջանակի վերաբերյալ բանակցությունները։

ՀՀ-ԵՄ հարաբերությունները մինչ օրս կարգավորվել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիության ու դրա անդամ պետությունների միջև 1996թ. ապրիլի 22-ին կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով։ Համաձայանագիրը շուրջ երկու տասնամյակ ծառայել է որպես կողմերի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, օրենսդրական, սոցիալական, գիտատեխնոլոգիական և մշակութային համագործակցության հիմք։ Հարաբերությունների սերտացման և տարածաշրջանային իրավիճակի աստիճանական փոփոխման արդյունքում Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը 2000-ականների կեսերից այլևս չի բավարարում որպես օրենսդրական շրջանակ կողմերի հարաբերությունների հետագա զարգացման համար։

2004թ․-ից ի վեր Հայաստանը մաս է կազմում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ), որի շրջանակներում ԵՄ-ն հարևան երկրներին տրամադրում է ֆինանսական օժանդակություն կառավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար։ 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում պաշտոնապես հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագիրը մինչ օրս լրացրել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը: Այդուհանդերձ, այս երկու փաստաթղթերը ևս բավարար չեն ՀՀ-ԵՄ զարգացող հարաբերությունները ամբողջապես կարգավորելու համար։

2009թ․ Հայաստանը ԵՄ Արևելյան գոծընկերության կազմում է ընգրկված։ 2010թ. հուլիսին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները: 2013թ. հուլիսին բանակցություններն բարեհաջող ավարտվեցին, սակայն համաձայնագիրը չկնքվեց, քանի որ 2013թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի հետ կանգնեց ԵՄ ասոցացման գործընթացից, երբ հայտարարեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին։

Այդուհանդերձ, 2015թ․ ԵՄ-ն և Հայաստանը սկսել են բանակցություններ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ։   Համաձայնագիրն ապահովում է ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անվտանգությունը, էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, կրթությունը, գիտությունը, մարդու իրավունքները և առևտուրը: Բանակցության փուլում է նաև ԵՄ-Հայաստան օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագիրը, որի շնորհիվ նախատեսվում է իջեցնել ավիատոմսերի սակագները։

2006 թվականից հայաստանցի արտահանողները օգտվում են Եվրոպական Միության GSP, իսկ 2014 թվականից GSP+ արտոնությունների համակարգից, որի շնորհիվ հնարավորություն են ստանում զրոյական մաքսատուրքերով դեպի ԵՄ արտահանել 6200 անուն ապրանքատեսակ: Դրա դիմաց Հայաստանը պատրավորվե է կյանքի կոչել մարդու իրավունքների պաշտպանությանը, կայուն զարգացմանը և լավ պետական կառավարմանը վերաբերող միջազգային 27 գլխավոր կոնվենցիաների պահանջները: GSP-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջիկայում կանրադառնա առանձին նյութով:

Համագործակցության ոլորտներ և օրինակներ

Ժողովրդավարություն – ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին: Միայն 2014-17թթ․ ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 118,5 միլլիոն եվրո՝ հիմանականում մասնավոր սեկտորի զարգացման և հանրային կառավարման ու օրենսդրության ոլորտի բարեփոխման համար։ Այսպես, օրինակ, ԵՄ-ն 7,5 միլիոն եվրո է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ընտրական օրենսդրության բարելավմանն աջակցելու նպատակով: 14,8 միլիոն եվրո՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանն ու մաքսային և սահմանային կառավարման բարեփոխումների աջակցության նպատակով։

Տնտեսություն – ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանման շուկան է, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի մոտ  23,6%-ը: Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ արտահանում է ԵՄ երկրներ, քան ներմուծում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԵՄ անդամ երկրներին բաժին է ընկել ՀՀ արտահանման շուրջ 30.3%-ը ՝ եվրամիության շուկան դարձնելով Հայաստանի համար խոշորագույն արտահանման շուկան։ ԵՄ-ից ներմուծումը կազմում է ընդհանուր ներմուծման ծավալի 22%-ը։

Ավելին, ԵՄ-ն 2009թ.-ից ի վեր հայաստանյան ընկերություններին հատկացրել է ավելի քան 473 միլիոն եվրո (դրամաշնորհների տեսքով)։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական կողմի հատկացրած գրանտերով աջակցություն է ստացել 25.000 ձեռնարկություն և ստեղծվել է 900 նոր աշխատատեղ։

Կրթություն, գիտություն և այլ ոլորտներ – ԵՄ-ի հետազոտական և նորարարական «Հորիզոն 2020» ծրագիրը Հայաստանում սկսել է գործել 2016թ.-ից: Միայն 2015-2017թթ. ընթացքում «Էրազմուս Պլյուս» ծրագրի շրջանակում Եվրոպայում սովորել կամ ուսուցում են ստացել հայաստանցի 1300 ուսանող և դասախոս: ԵՄ աջակցությամբ  Հայաստանի մարզերում վերանորոգվել է մասնագիտական ուսուցման 17 քոլեջ:

ԵՄ-ն Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող ամենախոշոր դոնորներից է։ Միայն 2016թ․ ԵՄ անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը Հայաստանին կազմել է 24.2% (կամ մոտ 10 միլիոն եվրո):

ԵՄ-ի օժանդակության շնորհիվ (1,1միլիոն եվրո) Երևանի բոլոր բնակիչների համար բարելավվել է խմելու ջրի որակը: 7000 հայաստանյան տնային տնտեսություն աջակցություն է ստանում ԵՄ-ից էներգաարդյունավետության համակարգերի թարմացման նպատակով։  2010թ․-ին ԵՄ մի շարք կառույցներ համաձայնության եկան համաֆինանսավորել Երևանի Մետրոպոլիտենի բարեկարգումը։        

Գումարային առումով 2008-ից 2014 թվականներին Եվրոպական Միությունը Հայաստանի պետական մարմիններին տրամադրել է ավելի քան 270 միլիոն դոլարի անհատույց դրամաշնորհ (Կառավարության ստացած դրամաշհներհների 51 տոկոսը):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ