Դատավորը խախտում է օրենքը. «Սասնա ծռեր»-ի գործ/տեսանյութ/
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:
Այսօրվա դատական նիստում փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց, որպեսզի դատավորի պահանջով ներկայացվի նիստերի դահլիճում ներկա դատախազներից Արամ Արամյանի համապատասխան լիազորագիրը, որով նա այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող:
Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին հիշեցրեց, որ լիազորագիրը տրամադրվել է դեռեւս հունիսին:
Պաշտպանական կողմի փաստաբանները նշեցին, որ «Սասնա ծռերի» գործը բաժանվել է երեք մասի, եւ գործի քննության սկզբում դատախազին տրված լիազորագիրը չի կարող «ավտոմատ կերպով» գործել նաև հիմա:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը միջնորդությունը մերժեց:
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը այս փաստով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանը նշեց, որ դատավորը չցանկացավ տեխնիկական խնդրին լուծում տալ. «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորում եւ կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը, միայն թե մեղադրող կողմի համար ոչ ձեռնտու գործողություն չկատարեք»,-հայտարարեց Դավիթ Գյուրջյանը:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել` համարելով, որ այն հիմնավորված չէ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: