Իրենք իրենց վրա «քֆուր դրածները» վերջապես բացահայտվեցին. Հրապարակ
Երբեւէ մաֆիա խաղացած ցանկացած անձ գիտի, որ վառված «սեւը» (երբ շերիֆը հայտարարում է, որ գիշերը ստուգել է՝ խաղացողը սեւ է), ում շուտով քվեարկությամբ պետք է հանեն խաղից, գնալուց առաջ երդում-պատառ է ուտում, թե ինքը «կարմիր» է: Մաֆիա խաղացողները գիտեն նաեւ, թե ինչպես է «սեւը» խաղում՝ շատ ակտիվ է, պերճախոս, նայում է բոլորի աչքերի մեջ ու ասում՝ ես «կարմիր եմ», ազնիվ քաղաքացի եմ: Առավել համոզիչ լինելու համար մանյովրում է՝ կասկածում ու բացահայտում «սեւերից» մեկին, իսկ գիշերը կրակում է «կարմիրների» վրա: Նմանատիպ իրավիճակ է Վանաձորում, երբ այլեւս «կարմիրներին» խաբելու հարկ չկա, «սեւերը» հաղթել են, բայց երկար խաղի ընթացքում հասցրել են մոլորեցնել բոլորին՝ «շերիֆին», «կարմիրներին», հանրությանը:
Նախ՝ որպես ընդդիմություն հանդես եկած եւ 6 հազար վանաձորցիներին մոլորեցրած, ապա ավագանու նիստերը բոյկոտելու որոշում կայացրած, հետո իրենց կուսակցության որոշմանը դեմ գնացած ու ՀՀԿ-ին ծածուկ կողմ քվեարկած, այդ մասով անգամ իրենք իրենց վրա «քֆուր դրած» ՀՎԿ-ականները վերջապես բացահայտվեցին։
Նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են բոյկոտն ու գնում «քաղաքին ծառայելու», բայց մի փոքրիկ կետ՝ Ակային փոխքաղաքապետ կարգելու մասին, մատնեց նրանց իրական մտադրությունը։ Եվ հայտնի ասացվածքի օրինակով՝ երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին, սկսեցին քննադատել «Լուսավոր Հայաստանին», անվանելով «գառան դիմակ հագած գայլուկներ» եւ խորհուրդ տալով իրենց շարքերում փնտրել «դավաճաններին»։ Իսկ ամենացնցողը երեկ Հեղինե Բիշարյանի հայտարարությունն էր այն մասին, որ Վանաձորի ՀՎԿ-ն շարունակում է մնալ ընդդիմություն։ Այ, եթե խաղի վերջում էլ Արթուր Բաղդասարյանը մի լավ պաշտոն ստանա, ասենք՝ ՍԴ նախագահի պաշտոնը, ամեն ինչ տեղը կընկնի։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: