ՀՀԿ-ը՝ ռուսական «Звезда»-ի գնահատականներից
«Ես այդ նյութին ծանոթ չեմ, բայց մենք այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք, ու ես կարիք չեմ զգում նորից մեկնաբանություններ տալ: Մենք որևէ գաղտնի քայլ չենք կատարում, ու երբ մենք միանում էինք ԵԱՏՄ-ին, չի եղել պայման, որ չպետք է համագործակցենք ԵՄ-ի հետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդման շրջանակում Հանրապետականի դրոշը ֆաշիստական Գերմանիայի հետ համեմատելու և ՀՀ-ԵՄ սպասվող նոր համաձայնագրի ստորագրումը քննադատելու հարցին:
«Մենք հանրությանը տեղյակ ենք պահել որ «և-և»-ի քաղաքականությունն ենք ընտրել, և մեր համագործակցությունը պետք է շարունակենք այն բոլոր երկրների հետ, ում հետ համագործակցության եզրեր կգտնենք», – նշեց Վ.Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հեղինակ եւ վարող Վերոնիկա Կրաշեննիկովան խոսել է Գարեգին Նժդեհից ու նրան համեմատել է ուկրաինացի ֆաշիստ Ստեփան Բանդերայի հետ եւ Նժդեհի գաղափարախոսությունը որակել որպես ֆաշիստական:
Լրագրողն անգամ նմանություններ է փորձել գտնել Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցության զինանշանների միջեւ, համեմատել է դրանք։