«Ինչ իմանայի, որ ուզելու ա ինձ ագռավի սռոկով նստացնի». Իգլայի գործ /տեսանյութ/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 20-ին շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում նախատեսված են ամբաստանյալների պաշտպանների ճառերը:
Գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ իր շահերի պաշտպանը գտնվում է Վրաստանում:
Դատավորը նկատեց, որ նախկինում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանից:
«Էս մեղադրողի հետ ես մենակ չեմ կարա, իրան պատասխանելու համար ինձ պաշտպան ա պետք: Ես ինչ իմանայի, որ ուզելու ա ինձ ագռավի սռոկով նստացնի»,-արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ նիստը անտեղի չի հետաձգվելու: Այսօր հանդես կգան մյուս ամբաստանյալների պաշտպանները, ավարտից հետո դատը կհետաձգվի մինչև Սանասար Գաբրիելյանի պաշտպանը պատրաստ լինի պաշտպանական ճառին: Դատավորը նշեց, որ ամբաստանյալի պաշտպանին կտրամադրվեն նաև այսօրվա նիստի ձայնագրությունների կրիչները:
Պաշտպանական ճառով առաջինը հանդես կգա ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպան՝ Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները` տեսանյութում: