Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ. Միշա
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալու «Բումերանգ» երգով, որով ցանկանում է բարություն տարածել աշխարհում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միշան ասել է, որ ջանք ու եռանդ չի խնայի իր երկիրն աշխարհին արժանիորեն ներկայացնելու համար:
«Անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ»,-ընդգծել է Միշան:
Փոքրիկ երգչի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն էլ ասել է, որ իրենք այժմ բեմական հագուստի և ներկայացման վերջին շտկումներն են անում:
«Այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի նախապատրաստական աշխատանքները կատարում ենք ավելի մեծ խմբով: Եվ դա կրկին հաղթելու հույս է տալիս: Հավատացած եմ, որ մեր հայրենակիցներն ու այլազգի երկրպագուները կքվեարկեն Միշայի օգտին»,- ասել է Լ. Քոչարյանը և ավելացրել, որ ինքը հավատում է մեր ներկայացուցչի կայացած ելույթին:
Նշենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: Միշան 2016 թվականին մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մրցույթն կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:
ՀՀ հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: