Ֆրանսիան մեկ օրով 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները
Ֆրանսիան մեկ օրով` սեպտեմբերի 21-ին, կփակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, մշակութային կենտրոնները եւ այլ հաստատություններ աշխարհի շուրջ 20 երկրում, հաղորդում է “AFP”-ը: Նման քայլ է ձեռնարկվել` “Charlie Hebdo” ֆրանսիական սատիրական ամսագրում սեպտեմբերի 19-ին հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հետ կապված. ֆրանսիացիներն զգուշանում են մուսուլմանական երկրներում բնակվող իրենց քաղաքացիների անվտանգության համար:
Թե կոնկրետ որ երկրներում են փակվելու նշված հաստատությունները, հայտնի չէ, սակայն Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նշել է, որ խոսքն “այն երկրների մասին է, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ”: Ամենայն հավանականությամբ, նա նկատի ունի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմանական երկրները:
Օրն ընտրվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ ուրբաթ է, իսկ մուսուլմանական երկրներում ավանդաբար հենց այդ օրն են գագաթնակետին հասնում բողոքական տրամադրությունները, երբ ուրբաթ օրվա աղոթքից հետո մարդիկ փողոց են դուրս գալիս` բողոքելու որեւէ երեւույթի դեմ:
Ֆրանսիական իշխանությունների կարծիքով` Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը կբարդացնի աշխարհում` առանց այն էլ բարդ իրավիճակը: Սակայն Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ Ֆրանսիայում բոլորն ունեն արտահայտման իրավունք, այդ պատճոռով էլ նրանք, ովքեր դժգոհ են ծաղրանկարից, կարող են դիմել դատարան: