Հայկական արտադրության առաջին պլանշետը` Տիգրան Սարգսյանին /ֆոտո/
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) եւ առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան “Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում:
Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 եւ 10.1 դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone):
Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում եւ Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ:
Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:
Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը եւ հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես եւ հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:
Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել “Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը”, “Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը” եւ դրանց իրականացումն ապահովող “Թեթեւ արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը”:
Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին եւ միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաեւ դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին եւ նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից եւ հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:
Մեկ այլ հարցով հաստատվել են նաեւ “Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում” կատարված փոփոխությունները: