Հայաստանը բանակը համագորածկցում է Կանզասի ազգային գվարդիայի հետ
Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի եւ Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Կողմերը երկուստեք բարձր գնահատեցին ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը եւ նշեցին, որ մեկ տասնամյակի պատմություն ունեցող համագործակցության ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եւ կարեւորեցին համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը:
Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին անդրադարձավ գործընկեր նահանգի հետ համագործակցության լայն շրջանակին, որը ներառում է պաշտպանության` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն եւ այլն, արտակարգ իրավիճակների, իրավապահ, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտները: Նշվեց, որ համագործակցությունը փոխադարձ բարձր է գնահատվում եւ Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ Կանզասի Սենատի կողմից այս տարվա ապրիլի 3-ին միաձայն ընդունվել է 1751 բանաձեւը, որում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական եւ զինվորական ղեկավարության ջանքերը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Կանզասի ժողովրդին այն բանի համար, որ գործընկեր նահանգում լավ են հասկանում նաեւ հայ ազգի պատմության ողբերգական էջերը եւ Կանզասը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 43 նահանգներից մեկն է, որտեղ 2005 թվականից ապրիլի 24-ը նշվում է որպես հայերի հիշատակի օր:
Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես խոսեց համագործակցության արդյունավետության մասին նշելով, որ մի շարք ոլորտներում, Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց արդեն դոնոր եւ օգնություն ստացող կողմերի հարաբերություններից վերածվել են հավասար գործընկերային հարաբերությունների, մասնավորապես նշելով միջազգային կայունության եւ անվտանգության գործողություններում հայ խաղաղապահների ներդրումը Կոսովոյում, Աֆղանստանում եւ տարիներ առաջ Իրաքում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ առեւտրատնտեսական շրջանակներում:
Իսկ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարն իր հերթին նշեց, որ հաջորդ տարի Կոսովոյում ԱՄՆ զորախումբը կհամալրվի Կանզասի ազգային գվարդիայի ծառայողներով, եւ տասը տարիների փորձը հաշվի առնելով` Կանզասցի զինվորականները վստահ են, որ Կոսովոյում ի դեմս հայ խաղաղապահների ունենալու են վստահելի եւ պրոֆեսիոնալ զինակիցներ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կողմից պատրաստված տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին գեներալ-մայոր Լի Թաֆանելին, Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի ղեկավար, փոխգնդապետ Բրենտ Սալմանսը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության հարցերով սպա, կապիտան Ահարոն Այզեկսոնը պարգեւատրվեցին ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալներով:
Այցի ընթացքում կայացան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական» կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:
Կանզասի պատվիրակությունը այցի շրջանակներում մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով համաժողովին, այցելել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ս.թ. դեկտեմբերի 7-ին պատվիրակություն Գյումրիում եւ Սպիտակում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին եւ դեկտեմբերի 8-ին կմեկնի Երեւանից: