Եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, այդ հարցը կդնի. Արամ Սիմոնյան
«ԵՊՀ-ն այնքան բարդ հիմնարկ է, որ եթե նրա ռեկտորն անգործության մատնված լինի՝ նա մեկ տարի չի կարող այնտեղ դիմանալ: Այդ կոլեկտիվի գլխով շատ բան է անցել, և եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, դրա համար գոյություն ունի հոգաբարձուների խորհուրդ, որն անմիջապես այդ հարցը կդնի, դրա համար կա գիտական խորհուրդ, որն այդ հարցը կդնի, կա կոլեկտիվ, որ այդ հարցը կդնի»,-Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ:
Արամ Սիմոնյանի բնորոշմամբ՝ այն թիմը, որն այսօր համալսարանի ղեկավարության կազմում է, շատ մեծ գործ է արել, հիմնովին փոխել է բոլոր կրթական ծրագրերը: Ըստ ռեկտորի՝ ԵՊՀ-ի գիտահետազոտական արդյունքն այսօր հանրապետության գիտական արդյունքի 33 տոկոսն է: Բոլոր բուհերը միասին վերցրած այնքան գիտական արդյունք չեն տալիս, ինչքան տալիս է Երևանի պետական համալսարանը: «Մենք ստեղծել ենք 4 ինստիտուտ, 15 գիտական կենտրոն, 3 ստարտափ լաբորատորիա, բազմաթիվ նոր մասնագիտություններ, մագիստրոսական մեր ծրագրերը համարվում են լավագույնը տարածաշրջանում՝ շատ մասնագիտությունների գծով, դա իմ կարծիքը չէ, դա էքսպերտների կարծիքն է: Մեզ համար կարևոր է մեր տեղը գտնել և մեր տեղը պահպանել եվրոպական ընդհանուր կրթական տարածքում, ինչը մենք անում ենք»: