ՀՀ իշխանությունները խայտառակ եղան. Մարուքյանը՝ Աշոտյանին
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է Հայաստանի համար, իսկ ԵՄ-ի համար դա հերթական միջազգային պայմանագիրն է, որ պիտի ընթանա սովորական ընթացակարգով: <Իմ խորին համոզմամբ՝ խոչընդոտներ չկան սրա համար>,-այսօր հրավիրված հանրային քննարկմանն ասաց նա: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ սա ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ունեցած հաջողություններից է: Նա կոչ արեց չվերադառնալ 2013 թվական և անընդհատ չհայտարարել, թե սա արդյոք հակասում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը:
Աշոտյանը չհամաձայնեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե այս ընթացքում Հայաստանը ժամանակ է կորցրել: <Մենք չենք կորցրել ժամանակ, մենք այդ ժամանակն օգտագործել ենք երկիրը բարեփոխելու: Բայց մենք չենք անում աշխատանք, որ ԵՄ պաշտոնյաները բարձր արտահայտվեն, ոչ, դա անում ենք մեր քաղաքացիների համար: Հետևաբար, այն տեսակետը, որ կարելի է կառուցել եվրոպական երկիր Եվրասիական միության տարածքում, հնարավոր է: Այս փաստաթուղթը շատ կարևոր քաղաքական իմաստ ունի>,-նկատեց Աշոտյանը՝ հավելելով, որ փաստաթղթի մեջ հստակ երևում է Եվրամիության դիրքորոշումը ԼՂՀ հարցի շուրջ: <Չի կարողանալու Եվրոպական միությունը Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել, որտեղ այլ բան գրված լինի ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Մենք բովանդակային հարց ենք լուծում սրանով: Սա պակաս կարևոր չէ, քան ֆինանսական ու ռեֆորմների անվտանգությունը>:
Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց. <Մենք խայտառակ ենք եղել այն ժամանակ, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունները: Ես նաև համաձայն չեմ, որ մենք ժամանակ չենք կորցրել>:
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն էլ շեշտեց, որ չի եղել երբեք այնպես, որ Եվրամիությունը չի թողել, որ Հայաստանը ստորագրի միայն քաղաքական փաստաթուղթը 2013 թվականին, ոչ թե տնտեսականը ևս, այդ պատճառով էլ 2013 թվականին տեղի չունեցածը ԵՄ-ի մեղքով չէր: <Ունենք այն, ինչ ունենք, փաստաթուղթը լավն է, եկեք, ստորագրենք ուղղակի>,-կոչ արեց նա: