Իմ իրավունքն է ոտնահարվում. թեժ իրավիճակ դատարանում/տեսանյութեր/
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստը:
Մեղադրողները հրապարակում են «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:
Դատավորը ընդհատեց մեղադրողին և նշեց, որ լրացել է Գևորգ Սաֆարյանի սանկցիայի ժամանակը և նա կարող է գտնվել նիստերի դահլիճում:
Գևորգ Սաֆարյանի մուտքը՝ դահլիճի կողմից ընդունվեց ծափերով և բացականչություններով:
Սաֆարյանը նստած տեղից դիմեց դատավորին.«Ինձ կանչել, բերել եք էստեղ ու պաշտպանիս չեք կանչել: Ինչո՞ւ չեք կանչել իմ պաշտպանին»:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց:
«Ամբաստանյալ իրավունք չունեք նախագահող դատավորին ընդհատել»,-զգուշացրեց դատավորը:
Գևորգ Սաֆարյանը շարունակեց խոսել և նշեց, որ իր պաշտպան ունենալու իրավունքը ոտնահարվում է:
Դատավորը սանկցիա կիրառեց և Սաֆարյանին կրկին հեռացրեցին դահլիճից:
Դահլիճում թեժ իրավիճակ էր,հնչեցին բացականչություններ ու դժգոհ արտահայտություններ :
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին: