Վարչապետի աթոռը վիրավորել է Բագրատյանի արժանապատվությունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը երեք-չորս անգամ հնարավորություն է ունեցել կրկին վարչապետ դառնալու, սակայն արժանապատվությունից ելնելով՝ հրաժարվել է:
Խոսելով անկախության և 21 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին` բանախոսն ասաց, որ այս ընթացքում բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ՀՆԱ, մարդկային զարգացման ինդեքս և այլն, երկիրը 60-70-րդ տեղից իջել է 120-րդ տեղը այն դեպքում, երբ աշխարհի երկրների թիվը 180-ից դարձել է 194:
Նախկին վարչապետը համաձայնեց, որ դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. անկախության առաջին տարիներին պատերազմ էր, 1993-94 թթ-ից սկսվեց կտրուկ վերելք, որը վերափոխվեց լճացման, ապա՝ անկման:
Հայաստանն այսօր սպառում է արտադրածի 80%-ը, այսինքն՝ խնայելու ոչինչ չի մնում: Եկամուտների 37%-ը ժողովրդին է բաժին ընկնում, 63%-ը՝ օլիգարխներին, ինչը խոսում է բարձր կենտրոնացվածության մասին: Քաղաքացիների եկամուտների 64%-ը ծախսվում է սննդի վրա: Տարածաշրջանի 5 պետությունների մեջ Հայաստանը վերջինն է:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա պատգամավորը կարծում է, որ այս տարի արտագաղթողների թիվը կհասնի 120 հզ-ի, այսօր արդեն 100 հզ. է, որը 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին: