Դասադուլավոր ուսանողները շարժվում են դեպի ԿԳՆ /տեսանյութ/
Տարկետման իրավունքը վերացնելու դեմ պայքարող ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնի է, բողոքի ակցիայի կազմակերպիչները և մասնակիցների մեծ մասը Մայր բուհում սովորող ուսանողներն են:
Այսօր բողոքի ակցիան մեկնարկեց ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց: Այնուհետև ուսանողները երթով շարժվեցին դեպի համալսարանի մյուս մասնաշենքերը:
Ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին: Ընդգծենք՝ ակցիային ակտիվորեն մասնակցում են ոչ միայն տղաները, այլև աղջիկները: Դասադուլավոր ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ:
Այսօր ևս  համալսարանի  որոշ մասնաշենքերի դռները փակ էին, հետևաբար  այնտեղ գտնվող ուսանողները չէին կարողանում դուրս գալ եւ միանալ դասադուլ հայտարարած ուսանողներին: Բայց ուսանողները համառորեն կարողացան համալասարանից դուրս գալ   դասադուլի  մեկնարկից  մեկ ժամ անց:
Չնայած անձրևին՝  դասադուլավորների թիվը չի պակասում: Այս  պահին դասադուլավորները շարժվում են դեպի ԿԳՆ: Նրանք ուզում են հանդիպել նախարարի հետ:
                














































