“Արմավիա”-“Զվարթնոց” պարտքուպահանջի խնդիրը. չվերթները կրկին դադարեցվել են
“Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ պարտքերի կուտակումների եւ պայմանագրով նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Henaran.am-ին ասել է “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը
“Երկու ընկերությունների միջեւ մարտի 15-ին կնքված պայմանագրով նախատեսված սահմանաչափ գոյություն ունի, որի շրջանակներում ընկերությունը կարող է պարտքեր ունենալ: Այդ սահմանաչափը զգալիորեն գերազանցվել է: Տվյալ գրաֆիկը պետք է պահպանվի, վճարումները պետք է ժամանակին արվեն, որը չի արվել”,-մեզ հետ զրույցում նշեց Գեւորգ Աբրահամյանը:
“Արմավիա”-ից ստեղծված իրավիճակը մեկնաբանում են` նշելով, թե փոխանցումն իրականացված է, սակայն ոչ աշխատանքային օրերի պատճառով այն ուշացումով է տեղ հասնում: “Ընթացիկ պարտքերի գումարները, որոնք մենք փոխանցել ենք, մի փոքր ուշացումով է նստում, քանի որ վերջին երեք օրերը` ներառյալ երկուշաբթին, եղել են ոչ աշխատանքային: Այդ պատճառով իրենք մեզ նախազգուշացնում են` կանգնեցնելով չվերթները”,-պարզաբանեց “Արմավիա” միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
“Զվարթնոց’’-ը, սակայն, պնդում է.” “Եթե փոխանցումը կատարված լիներ, մենք հաստատ տեղեկացված կլինեինք դրա մասին: Բանկի հավաստիացումը, որ գումարը փոխանցվել է, լրիվ բավարար կլիներ”:
Ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս պետք է լուծվի Ազգային ավիափոխադրողի ծառայությունից օգտվող ուղեւորների ` չվերթների դադարեցման հետեւանքով կրած անհարմարությունների փոխհատուցման խնդիրը: Մեր այս հարցին “Արմավիա”-ի մամլո քարտուղարը պատասխանեց.
” Չեմ կարող ասել, թե ինչ կարվի, որովհետեւ դա մեր պատճառով չէ, “Զվարթնոց”-ն է կանգնեցրել: Միգուցե իրենք վերջապես կտեսնեն գումարը եւ կբացեն, չեմ կարող ոչինչ ասել”:
Նշենք, որ երկու ընկերությունների միջեւ ֆինանսական այս խնդիրը պարբերաբար առաջանում է: