Հայաստանը կայացել է որպես պետություն. Ա. Իսկանդարյան
‘Հայաստանն ունի իր Սահմանադրությունը։ Հայաստանն անցած 21 տարիների ընթացքում հսկայական ճանապարհ է անցել, որը մենք երբեմն չենք գնահատում։ Բայց դա պատմություն է’,-այսօր ‘Հենարան’ ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ քաղաքագետի` Հայաստանն այս տարիների ընթացաքում կայացել է որպես պետություն: Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որ վերահսկում է իր տարածքը, այն դեպքում, երբ Վրաստանի ու Ադրբեջանի դեպքում այդպես չէ: Հայաստանն, ըստ էության, Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն ունի այնպիսի կարևոր պետականաստեղծ ինստիտուտ, ինչպիսին բանակն է, հարևան պետությունների պարագայում այդ բառն ավելի նվազ վստահությամբ պետք է օգտագործել:
Անդրադառնալով Հայաստանի դեմ հնարավոր պատերազմին՝ բանախոսը նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը կարող էր առիթ հանդիսանալ պատերազմի վերսկսման համար։ Սակայն, պատերազմ կսկսվեր, եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի:
“Սաֆարովի գործը կարելի է համեմատել Սարաևոյում սպանության հետ 1914 թվականին, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակներից մեկն այն դեպքում, երբ պատճառը վաղուց արդեն հասունացել էր: Նույնն էլ Սաֆարովի արտահանձնման դեպքում, որը ևս մեկ առիթ հանդիսացավ, որոնք շատ էին և մինչ այդ, կան այժմ և դեռ կլինեն”,-հավելեց բանախոսը: