Ժառանգությունը ներկայացնում է ՏԻՄ ընտրությունների իր թեկնածուներին
Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձոր քաղաքում առաջադրված են քաղաքապետի երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից եւ’’Ժառանգությունից”: “Ժառանգության” թեկնածուն Հովիկ Հակոբյանն է, ում կենսագրության ուշագրավ դրվագներից են Հայաստանի անկախության հռչակումից հետո Հրազդանի շրջգործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում երկարամյա պաշտոնավարությունը (1991-96թթ.), մինչ այդ ակտիվ մասնակցությունը արցախյան շարժմանը, 1999-08թթ. Ծաղկաձորի քաղաքապետարան ում աշխատանքը՝ իբրեւ քաղաքապետի տեղակալ. հետագայում առեւտրի եւ սպասարկումների գծով մասնագետ:
Ծաղկաձոր քաղաքը պրն. Հակոբյանի ծննդավայրն է, ուր նա ապրել է միշտ, բացառությամբ Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում ուսանելու տարիներին (1978-1983թթ.), հետեւաբար իրեն ծանոթ են թե քաղաքի ձեռքբերումները, որ պատրաստ է շարունակել եւ զարգացնել, թե խնդիրները, որոնց լուծմանը մտադիր է ձեռնամուխ լինել:
Պրն. Հակոբյանը պատրաստ է նախորդից ժառանգել եւ շարունակել, օրինակ, քաղաքի բարեկարգման, կանաչապատման, “Ծիսակատարությունների սրահի” կառուցման աշխատանքները: Մինչդեռ արմատական քայլեր եւ լուծումներ է տեսնում անտառային տարածքների պահպանության, ջրային ռեսուրսների հաշվառման եւ վերականգնման, քաղաքի կառուցապատման աշխատանքները Ծաղկաձորի գլխավոր հատակագծին խիստ համապատասխանեցնելու եւ այլ հարցերում:
“Ժառանգությունը” վստահ է, որ իր թեկնածուի կենսագրությունը եւ նախընտրական ծրագիրը երաշխավորում են Ծաղկաձորի համար ցանկալի առաջընթաց եւ զարգացում եւ կոչ է անում բոլոր ծաղկաձորցիներին ձայնը տալ “Ժառանգության” թեկնածուի օգտին՝ գնահատելով նաեւ մեր թեկնածուին սատարելու այլոց հայտարարությունները:
“Ժառանգությունը” նաեւ ավագանու անդամի թեկնածու է առաջադրել Դիլիջանի ՏԻՄ ընտրությունում: Թեկնածուն “Ժառանգության” Դիլիջանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արման Սիմոնյանն է: Ծնվել է 1977-ին, ուսանել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, մասնագիտությամբ ինժեներ-հիդրոլոգ է, աշխատում է Հաղարծնում, “Ժառանգության” կուսակցական կառույցը ղեկավարում է 2005-ից:
Նոր Հաճնում եւ Աշտարակում “Ժառանգության” կողմից քաղաքային ավագանու անդամի թեկնածու են առաջադրված համապատասխանաբար Սահակ Սարիբեկյանը եւ Արթուր Մարգարյանը: Մեր թեկնածուներին ներկայացնելով՝ կոչ ենք անում քվեարկել նրանց օգտին:
Henaran.am-ին տեղեկացնում է “Ժառանգություն”կուսակցության լրատվական ծառայություն