Շնորհավոր տոնդ, 21-ամյա Հայաստան
21 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսը վճռական “այո” ասաց Անկախությանը եւ կայացրեց պատմական որոշում` ընտրելով անկախ պետականության կերտման ուղին:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: “Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի “Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին” Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը’’,-ամրագրվեց Անկախության հռչակագրում:
Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվեն: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ եւ ինքնիշխան պետություն:
Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:
Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր` ինքնաբուխ , համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդի միասնական “ԱՅՈ”-ն հեշտ չտրվեց. պատերազմ, շրջափակում, անլույս ու ցուրտ տարիներ էին: Սակայն մենք կարողացանք դիմակայել, կարողացանք սահմանները պահել, աշխարհին հասկացնել տալ, որ մենք ՄԻԱՍՆԱԿԱՆ ենք: Անկախությունը նվաճեցինք ու պահպանեցինք հող հայրենիի համար զոհվածների արյան գնով:
Թեկուզ դանդաղ, բայց հուսադրող քայլերով Հայաստանն առաջ գնաց ու բոլորին համոզեց, որ ՏԵՐ է իր երկրին, որ իր համար ԹԱՆԿ արժեք է Անկախությունն ու այսօր նշում ենք երրորդ Հայաստանի Հանրապետության տոնը: Մեր պետությունը 21 տարեկան է: