Եթե ամեն բան հաջող լիներ, ապա 5 հազար դոլար կաշխատեինք. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալների քննությունը:
Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) իր շահերի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ հարցերին կպատասխանի միայն իր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Արմեն Պողոսյանը հայտնել է, որ իր ծանոթ, Զվարթնոց գյուղի բնակիչ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջարկել է ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ, որը պետք է նվիրեր բանակին: Ինքը դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով հաճախ էր գնում Վրաստան:
«Եթե ամեն բան բարեհաջող լիներ, ապա ես ու Հրաչը 5 հազար դոլար շահույթ կունենայինք, սակայն ոչ մի շահույթ չենք ունեցել»,-նշել է ամբաստանյալ Պողոսյանը:
Պողոսյանը հայտնել է, որ Հրաչը հրթիռը ձեռք է բերել իր վրացի ծանոթ Գիչայի միջոցով:Ավելի ուշ ինքը Սանասար Գաբրիելյանի և Հրաչի հետ մեկնել է Վրաստան, որտեղ էլ հանդիպել են էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի որդուն՝ Ռոբերտին, որն էլ խոստացել է օգնել հրթիռի ձեռք բերման հարցում:
Արմեն Պողոսյանը կատարվածի համար իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել է, որ զղջում է կատարվածի համար:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: