Երազանքն իրականացավ. փոքրիկ երգիչները՝ Իսրայելում (տեսանյութ)
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից՝ ուր մասնակցություն ունենացավ խմբերգային արվեստի՝ հայտնի Աբու-Գոշ փառատոնին։
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը լրագրողներին պատմեց, որ երգչախումբը համերգներով հանդես եկավ Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։
Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնի և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթի կողմից։
Տակավին 2․5 տարի առաջ, Եղեռնի 100-ամյակի օրերին, երբ Մայա Շավիթը Տիգրան Հեքեքյանի հրավերով գտնվում էր Հայաստանում, շփվել, աշխատել և մի շարք ելույթներ էր ունեցել «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ, նա հավետ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն։ Այդ օրվանից նա փոքրիկ երգիչներին անվանում էր «երգչախումբ այլ մոլորակից» և սրտում փայփայում երազանք՝ հնարավորություն ստեղծել, որ Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առընչվել, իր խոսքերով, «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։
«Եվ ահա այսօր այդ երազանքն իրականություն դարձավ։
Սույն թվականի հոկտեմբերի 5-15ը տևած շրջագայության շրջանակներում «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչած դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, ոտընկայս ծափերով դիմավորեցին իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։
Յուրաքանչյուր ելույթ եզրափակվում էր Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին, որն այս ժողովուրդն անում է նաև ծաղիկների լեզվով, իսկ առավել արդյունավետ՝ այս բարձրակարգ երգչախմբի գործունեության միջոցով։ Հույս էր հայտնում, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը, ինչն ամենուր հանդիսատեսն ընդունում է ջերմ ծափերով։
Այնուհետ «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հաջողությամբ մասնակցեցին Իսրայելի ամենահայտնի Աբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին»,-ասաց նա։
Արդեն մոտ 30 տարուց ավել Աբու-Գոշ փառատոնն անց է կացվում իսրայելական գեղատեսիլ վայրում գտնվող Աբու-Գոշ գյուղի եկեղեցում։ Երաժշտական յուրօրինակ մի տոնախմբություն, որը վայելելու համար շատ երաժշտասերներ կտրում են հարյուրավոր կիլոմետրեր։
Մասնակից երգչախմբերը, վոկալ անսամբլներն ու մենակատարները կազմակերպիչների կողմից ընտրվում են գերագույն բծախնդրությամբ։ Հրավեր է ուղարկվում միայն աշխարհում իսկապես հեղինակություն վայելող և բարձր գեղարվեստական որակ ունեցող արտիստներին։ Այս տարի մասնակիցների շարքում էր նաև հանրահայտ Շտուտգարդի երգչախումբը։ Հայտնի է, որ մինչև «Հայաստանի Փոքրիկ Երգիչները»՝ այս փառատոնին մասնակցության հրավեր որևէ մանկական երգչախումբ չի ստացել։ Այնքան մեծ էր մեր երգչախմբի համբավն Իսրայելում, որ երգչախմբի ժամանումից ամիսներ առաջ իսրայելական լրատվամիջոցներն ու կայքերն արդեն գրում էին այն մասին, որ Տիգրան Հեքեքյանի՝ աշխարհում հայտնի մանկական երգչախումբը պիտի լինի փառատոնին մասնակցող խմբերի շարքում։
Այլ մանրամասները՝ տեսանյութում: