“Ալիեւը թքած ունի իր հոր ընդունած օրենքների վրա”
21-ամյա անկախ Հայաստանի նորագույն պատմության կերտման անքակտելի մասնիկը Արցախի հանրապետությունն է: Ներկայացնում ենք Henaran.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ:
-Պրն. Թովմասյան, Սաֆարովի սականդալային պատմությունից եւ Ալիեւ` մարդասպանին արդարցնելուց հետո ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընացի շարունակությունը:
– Նախ, մինչ բանակցային գործընթացին անդրադառնալը, հիշենք, որ այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: 20-րդ դարը մենք եզրափակել ենք 2 անկախ պետություններով: Ճիշտ է` մեկը “դե յուրե” չկա, բայց համոզված ենք, որ մոտ ապագայում միջազգային հանրության կողմից կճանաչվի նաեւ Արցախի Հանրապետությունը: Ես շնորհավորում եմ ոչ միայն հայ ժողովրդին այս փառապանծ տոնի առթիվ, այլ համայն հայությանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա նշեմ, որ դրա այլընտրանքային տարբերակը պատերազմն է: Արցախի իշխանությունները գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակվի բանակցային գործընթացը, բայց նոր ձեւաչափով` Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
1994-ի բուդապեշտյան գագաթաժողովից հետո , երբ, որպես հակամարտող կողմ, մենք իրավունք ունեինք մասնակցել բանակցային գործընթացին, հետագայում, պատճառները գիտեք` ինչու դուրս մնացինք, դրան չեմ ուզում անդրադառնալ, բայց հիմա եկել է պահը, որ մենք վերադառնանք: Սաֆարովի` Ադրբեջանի իշխանությունների կողմից հերոս հռչակվելը, բերում է նոր իրողություններ, որ բանակցային գործընթացին անպայման պետք է մասնակցեն նաեւ ԼՂ հանրապետության իշխանությունները: Մենք համոզված ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է համոզեն ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ ԼՂ Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացին` որպես պատերազմող կողմ:
Քանի որ պատերազմը 92-94-ին եղել է ադրբեջանաղարաբաղյան պատերազմ, բայց այս ձեւաչափով բանակացությունների շարունակելը նշանակում է հայ-ադրբեջանական հակամարտություն, իսկ պատերազմ որպես այդպիսին չի եղել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակցի բանակցային գործընթացին, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն կար, բայց լայնածավալ պատերազմ որպես այդպիսին չի եղել:
Ինչ վերաբերում է Սաֆարովին, ասեմ, որ ԼՂ-ում այնքան էլ զարմացած չեն, որ Իլհամ Ալիեւի կողմից նա ազգային հերոսի կոչման արժանացավ եւ օդանավակայանից անիջապես հետո ազատ արձակվեց: Ալիեւը թքած ունի իր հոր կողմից ընդունված օրենքներին: Ըստ այդ օրենքների` Ռամիլ Սաֆարովը պետք է իր պատիժը կրեր Ադրբեջանի բանտում:
Առավելագույնը, որ Ալիեւը կարող էր անել, դա 30 տարվա պատժամիջոցը 25 տարի դարձնելն էր: Դրա մասին խոսում են ոչ միայն հայերը, այլեւ Ադրբեջանի մտավորակնությունը: Ադրբեջանի ժողովրդի մեծամասնությունն, իհարկե, գտնում է, որ Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է եւ ճիշտ են արել, որ նրան ազատ են արձակել, բայց կան նաեւ մարդիկ, եւ այդ մարդիկ քիչ չեն, որոնք դեմ էին, որ Իլհամ Ալիեւը ոտնահարի իր հանրապետության օրենքները:
Ուզում եմ ասել, որ Ադրբեջանում նույնիսկ կան հերոսներ, որոնք մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, եւ այդ զոհված հերոսների ծնողները նույնպես դեմ են, որ քնած մարդուն սպանողին հերոսացումը հավասարեցրել են պատերազմական գործողություններ կատարած հերոսի հետ: Այնտեղ էլ այդպիսի խնդիրներ են առաջանում:
Լավ կլինի, որ Սաֆարովն իրենց շտաբում չծառայի: Արցախի բանակը իրեն սպասում է ռազմաճակատի դիրքերում` մեր սահմանների մոտ, եւ հայտարարում ենք, որ նրան քնած ժամանակ չենք սպանի:
Իմ կարծիքով` խախտվել են նաեւ “Կովկասյան տան” ավանդույթները: Մենք ունենք չգրված օրենքներ` եւ հայերը, եւ ադրբեջանցիները, եւ վրացիները, եւ չեչեները, ինգուշները, Կովկասի մյուս բոլոր բնակիչներն ունեն չգրված օրենք, որ քնած մարդուն չեն սպանում, առավել եւս` չեն հերոսացնում:
Այս իրավիճակում եւ Հայաստանի Հանրապետությունը, եւ Լեռնային Ղարաբաղը պետք է հայտարարեն միջազգային հանրությանը, որ ԼՂ-ն անկախ Ադրբեջանի կազմում չի կարող գոյատեւել, քանի որ Արցախը ադրբեջանցիներին պետք է ոչ թե հայերով, այլ առանց հայերի, քանի որ Իլհամ Ալիեւը, ով դրանից ամիսներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովրդի թիվ մեկ թշնամին հայերն են:
-Փաստորեն ստեղծված պարագայում Ալիեւը ոտնահարում է միջազգային իրավունքը: Ի՞նչ պետք է անեն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն միջազգային կառույցները, որոնք տարիներ շարունակ ջանքեր են ուղղել խաղաղ բանակցային գործընթացը փայփայելուն:
– Մենք ուշադիր հետեւում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններին: Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահ Օբաման առաջիններից մեկն էր, որ շատ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել: Նորից եմ կրկնում` եթե ԼՂ իշխանությունները մասնացեն բանակցային գործընթացին, մենք ունենք բազմաթիվ փաստարկներ, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատեւել բռնատիրական Ադրբեջանի կազմում:
Իրականում ինչո՞ւ պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը: Օրինակ` Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ: Եթե դրանք չճանաչեին, շատերին թվում էր, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատերազմ կսկսվեր, բայց պատերազմ որպես այդպիսին չկա: Թուրքիան ցանկանում է բանակցել հայերի հետ ցեղասպանության հարցով: Իմ կարծիքով` այդտեղ մեր սփյուռքահայերն էլ մեծ գործ ունեն անելու` ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ նաեւ ԼՂ-ի ճանաչման գործընթացն առաջ տանելու:
Ես միանգամայն համոզված եմ, որ տարբեր պետությունենրի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պատերազմական գործողությունները կամ պատերազմը ավելի կհեռացնի, իսկ Ադրբեջանն այդ դեպքում հաստատ կբանակցի ԼՂ-ի հետ: Մտավախություն չկա, որ ճանաչման գործընթացը կտանի պատերազմական իրավիճակի:
Ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությամբ պետք է զբաղվի կառավարությունը` նախագահի եւ ԱԳ նախարարի մակարդակով, գործադիրը, իսկ ճանաչման գործընթացը` խորհրդարանական դիվանագիտության խնդիրն է, ինչու չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում գործող քաղաքական ուժերի:
-Վերջերս քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ Արցախի ապագան Հայաստանի Հանրապետության կազմում է: Դուք` Ստեփանակերտում, ինչպե՞ս եք նայում այս տեսակետին:
-Որպես ԼՂ ԱԺ փոխնախագահ` հարգում եմ մեր ժողովրդի 1991-ի սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրը, որն ամրագրվել է դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով: Մեր ժողովդրի 99,99 տոկոսն “այո” է ասել անկախությանը: Եվ Արցախում գործող ցանկացած իշխանավոր, ցանկացած բնակիչ պետք է հարգի իր իսկ ժողովրդի կողմից ընդունված հռչակագիրը, իր իսկ ժողովրդի կողմից ընդունված հանրաքվեի արդյունքները:
Ինչ մնում է միացմանը, ո՞վ է ասել, որ 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը չեղյալ է հայտարարված: Կա 1989- դեկտեմբերի 1-ի որոշում, կա նաեւ 19991-ի սեպտեմբերի 2-ի հռչակագիր: Միջազգային հանրության կողմից մեր անկախության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղին է մնում որոշել` ինչպես կշարունակեն` տարածաշրջանում ունենալով 2 անկախ պետություննե՞ր, թե՞` միացյալ Հայաստանով: Դա հետագայի խնդիր է, բայց առայժմ մենք պետք է հարգենք Արցախի ժողովրդի կողմից ընդունված հանրաքվեի արդյունքները եւ անկախության հռչակագիրը: